Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի բնակչության թիվը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ։

2010 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել է 3 մլն 249.5 հազար մարդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.4 տոկոսով կամ 11.5 հազար մարդով։

Հայաստանի բնակչության շուրջ երկու երրորդը (64 տոկոս) ապրում է քաղաքներում։ Հանրապետության տասը մարզերից չորսում՝ Լոռի, Կոտայք, Շիրակ եւ Սյունիք, քաղաքացիների թիվը գերազանցում է գյուղացիների թվին։ Գյուղական բնակչությունը գերակշռում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի,Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում։

Հայաստանի բնակչության մեկ երրորդը (1.1 մլն մարդ) կենտրոնացված է մայրաքաղաք Երեւանում։ Նշենք, որ 1920 թվականին Երեւանում ապրում էր ընդամենը 30 հազար մարդ։