Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու վերաբերյալ՝ կես քայլ էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործըթնացը կասեցնելու որոշումը:

«Ամերիկահայ գաղութը, եւ ընդհանրապես հայ ժողովուրդը հստակ մտահոգություններ ուներ այս արձանագրությունների վերաբերյալ՝ սկսած առաջին օրվանից: Մտահոգություններ ուներ՝ կապված Թուրքիայի նախապայմանների հետ, որ ստորագրություններից անմիջապես հետո ներկայացվեցին: Նաեւ Թուրքիայի քայլերի հետ, որ արձանագրություններն օգտագործվելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու համար»,- նշեց ամերիկահայ գործիչն ու հավելեց. «Այս պարագայում որոշումը, որ նախագահն արել է, կես քայլ է վերջին հաշվով: Ճիշտը պիտի լիներ նման արձանագրություններից հրաժարվելը, ստորագրությունները ետ վերցնելը: Նախագահը կես քայլ է արել, հիմա պիտի աշխատենք, որ ի վերջո, այս արձանագրություններին վերջ տրվի, եւ ապագայում իսկական երկխոսություն սկսվի Թուրքիայի հետ»:

Հարցին, թե ինչպես կազդի Սերժ Սարգսյանի որոշումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի վրա, Եղիսաբեթ Չուլջյանը նշեց. «Արդեն իսկ ԱՄՆ պաշտոնյաները Նախագահ Սարգսյանի կեցվածքը որպես առաջադիմություն են ներկայացրել՝ քանի անգամ շեշտելով, որ կշարունակվեն արձանագրությունների աշխատանքները: Եւ ուրեմն շատ հավանական է , որ Օբաման պիտի օգտագործի այդ երեւույթը, եւ փորձի այդկերպ հրաժարվել Հոյոց ցեղասպանությունը ճիշտ ձեւով ներկայացնելուց»:

Ըստ Չուլջյանի՝ ամերիկահայ գաղութը շարունակելու է իր աշխատանքը՝ ներկայացնելու իրական պատկերը: