Այսօր` ապրիլի 23-ին Երևանում անցկացված շնորհանդեսով եզրափակվել է ԵԱՀԿ-ի կողմից օժանդակվող ծրագիրը, որը նպատակ ուներ երթևեկության կարգավորման ոլորտում պայքարել կոռուպցիայի դեմ` հաշվառման-քննական բաժանմունքների մոնիթորինգի միջոցով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, նախագիծը, որն իրականացվել է «Աքիլլես» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ներառում էր Ոստիկանության հաշվառման և քննական բաժնում վարորդական իրավունքի վկայական ստանալուն ուղղված քննական գործընթացի մոնիթորինգ: Նախագիծը պարունակում էր նաև վարորդներին իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկատվության ապահովման բաղադրիչ` հեռուստատեսության, ռադիոհաղորդումների, տեղեկատվական նյութերի տարածման, ինչպես նաև` ընթացակարգային և համակարգային երթևեկության կարգավորման բարեփոխումները խթանող իրավաբանական խորհրդատվությունների միջոցով:

«Պետական մարմինների հետ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մեր համատեղ աշխատանքների հետ մեկտեղ մենք մեծ կարևորություն ենք տալիս նաև քաղաքացիական հասարակության օժանդակմանը` կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկությունը բարձրացնելու միջոցով»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան` շարունակելով. «Ծրագիրը, որ այսօր մենք քննարկում ենք, հատկապես արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության աշխատանքի բարելավումը մաս է կազմում ոստիկանության բարեփոխման ծրագրի, ինչպես նաև Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության, որոնք երկուսն էլ վերջերս ընդունվել են Կառավարության կողմից»:

«Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Հովհաննիսյանն ավելացրել է. «Այս ծրագրի արդյունքում կկատարվեն ընթացակարգային փոփոխությունների և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը և կբարելավեն Հայաստանի ճանապարհային անվտանգությունը` միտված լինելով առ այն, որ վարորդական իրավունք ստացողները բավարար վարորդական հմտություններ և գիտելիքներ ունենան»:

Ծրագիրը, որը տևել է մոտ 8 ամիս, մի մասն է կոռուպցիայի դեմ Հայաստանի մղած պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքների: