Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանում լիովին կորցրել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի օգնությամբ «կարգավորելու» բոլոր հույսերը: Հիմա այնտեղ երազում են, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները «կսկսեն ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` ստիպելով ընդունել „նորացված“ Մադրիդյան սկզբունքները»:

Ադրբեջանական քարոզչամեքենան զարմանալի համառությամբ շարունակում է շրջանառության մեջ պահել «նորացված Մադրիդյան սկզբունքներ»-ի գաղափարը, հակառակ այն բանի, որ ՄԽ համանախագահների վերջին համատեղ հայտարարության մեջ շատ հստակ ասված է, որ բանակցությունները պետք է շարունակվեն «Մադրիդյան սկզբունքների հիման վրա»: Իսկ դա նշանակում է, որ չկան «նորացված» սկզբունքներ կամ առաջարկություններ: Եւ եթե Ադրբեջանը չի համաձայնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի կամ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, նշանակում է, որ հենց Բաքուն է խոչընդոտում միջնորդների ջանքերին:

Այստեղից կարելի էր պարզ հետեւություն անել եւ ասել, որ եթե կա ճնշում գործադրելու անհրաժեշտություն, ապա ՄԽ համանախագահ երկրները պետք է հատկապես Ադրբեջանի նկատմամբ հետեւողական լինեն, բայց չարժե ենթարկվել հակառակ կողմի «տրամաբանությանը»: Ակնհայտ է, որ միջնորդները չեն կարող կողմերին լուծումներ պարտադրել: Նրանք կոչված են օժանդակել, որպեսզի կողմերն իրենք համաձայնության գան: Հակառակ դեպքում կարգավորման մեջ միջնորդության դերը պարզապես կիմաստազրկվի:

Այս պարզ ճշմարտությունը, սակայն, Ադրբեջանում կամ չեն հասկանում, կամ հասկանում, բայց ցույց են տալիս, թե չեն հասկանում: Դրանով իսկ հարեւան հանրապետության քաղաքական եւ փորձագիտական շրջանակները հաստատում են, որ ԼՂ խնդրի շուրջ իրենց պատկերացումներում մնացել են անցյալ դարի մտակաղապարների մեջ:

Պատկերավոր ասած՝ Ադրբեջանն ապրում է «քաղբյուրոյի» որոշման սպասելիքներով: Բաքվում կարծում են, որ մի հեղինակավոր ատյան, որպիսին խորհրդային քաղբյուրոն էր, որոշում կկայացնի եւ կհայտարարի «սահմանների անխախտելիության» մասին:

Մինչդեռ ժամանակները վաղուց փոխվել են: Խորհրդային Միությունը հեռացել է պատմության թատերաբեմից, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում շատ սահմաններ են վերաձեւվել:

Բացի այդ, անհնար է պատկերացնել ավելի մեծ ճնշում, քան այն, որ Խորհրդային Միությունն էր գործադրում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ: Եւ եթե այդ ամենը հաղթահարվել է, եթե նույնիսկ պատժիչ ջոկատները եւ ադրբեջանական ագրեսիան անզոր եղան կասեցնել անկախ եւ ինքնիշխան ապրելու` Արցախի ժողովրդի որոշումը, ապա ի՞նչը պիտի նրան ստիպի այսօր, որպեսզի իր քսանամյա պետության ապագան դարձնի քննարկման նյութ: Ի՞նչը պիտի Հայաստանին պարտադրի վերանայել ԼՂ ժողովրդի անկախության եւ անվտանգության երաշխավորի որոշումը:

Ոչ ոք եւ ոչինչ ի զորու չէ ետ շրջել պատմության անիվը:

Վահրամ Աթանեսյան