Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` նույն մարզի Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ի հայտնում են, որ պարզվել է, որ 2003-2009թթ. ընթացքում «Վահարեգ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ասատրյանը, ով շահել էր Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնակառուցման աշխատանքների կատարման համար «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ- ի կողմից հայտարարված մրցույթը, պարտավորվել էր պետական բյուջեի 101 մլն 960 հազար 300 դրամ նախահաշվային գումարով իրականացնել Լոռու մարզի Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնակառուցման աշխատանքները: Սակայն աշխատանքների իրականացման ընթացքում ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող ու փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր եւ ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայարդնախագիծ» ԲԲ ընկերության հաստատմանը: Վերջինիս տնօրեն Ք. Կարապետյանի կողմից հաստատվելուց հետո Վ. Ասատրյանը դրանք ներկայացրել է վճարման:
Աշխատանքների կատարման ընթացքի, ծավալների եւ որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց ստուգելու աշխատանքների պատշաճ կատարված լինելը, հաստատել են հիշյալ կեղծ կատարողական ակտերը: Արդյունքում Վ. Ասատրյանը նշված ամբողջ գումարից հափշտակել է 1 մլն 428 հազար դրամ խոշոր չափի գումար:




























