Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Հայինկասացիա» ՓԲԸ հաշվապահության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կենտրոնական բանկից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա.Գրիգորյանը, հանդիսանալով նաեւ «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահ, 2003-2009 թվականների ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվին, որտեղից այն կանխիկացվել եւ յուրացվել է: Հափշտակությունը թաքցնելու նպատակով փոխանցված գումարները հաշվապահորեն ձեւակերպվել են որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետեւ տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով (մասնավորապես հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշիվներ) ծախսագրվել են:

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի առանձին աշխատակիցներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, «Հայինկասացիա» ՓԲԸ-ում կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, սակայն վերոհիշյալ փաստերը չեն արձանագրել, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: