Այսօր՝ ապրիլի 24-ին աշխարհը սգում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի համար: Թուրքիան, սակայն, գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցածը չի ճանաչում որպես ցեղասպանություն:

Հիշատակի արարողություններ են ընթանում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր են բնակվում: Միեւնույն ժամանակ Թուրքիայի դեսպանատների առջեւ տարբեր երկրներում ամեն տարի բողոքի գործողություններ են ընթանում՝ Անկարայից պահանջելով ընդունել մարդկության այդ մեծագույն ողբերգությունը:

Երեւանում ապրիլի 24-ի առավոտից դեպի Ծիծեռնակաբերդ՝ զոհերին սգալու, նաեւ ազգի վերածնման խորհդանիշ համարվող հուշահամալիր, են շարժվում տասնյակ հազարավոր մարդիկ՝ ծաղիկներով եւ ծաղկեպսակներով: Արտերկրի հայ գաղթօջախների բազում ներկայացուցիչներ ապրիլի 24-ին ժամանում են Երեւան՝ մասնակցելու սգո երթին:

Նախօրեին Երեւանում կայացել է հանրահավաք եւ ջահերով երթ՝ նվիրված ողբերգական տարելիցին: Տասնյակ հազարավոր մարդիկ պաստառներով եւ հայկական եռագույնով հավաքվել էին Մատենադարանի շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու Թուրքիայի քաղաքականության դեմ:

Հանրահավաքից եւ թուրքական դրոշի այրումից հետո մարդիկ վառվող ջահերով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի հիշատակ մոտ 2 միլիոն սպանված հայերի:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակը նշվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նշանակալի իրադարձությունների ֆոնին: Ուղիղ մեկ տարի առաջ Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն մեկ տարի անց հայկական կողմը ստիպված էր հայտարարել արձանագրությունների վավերացման կասեցման մասին՝ դա պատճառաբանելով Թուրքիայի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշմամբ:

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը.
1. Շվեդիա, խորհրդարանական բանաձեւ, մարտի 11, 2010
2. Չիլի, Սենատ, բանաձեւ- հուլիսի 7, 2007.
3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007.
4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, 2006.
5. Լիտվա, Վեհաժողով, բանաձեւ, դեկտեմբերի 15, 2005
6. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ. Սեպտեմբերի 28, 2005,
7. Վենեսուելա, Ազգային վեհաժողով, բանաձեւ, հուլիսի 14, 2005,
8. Գերմանիա, խորհրդարան, բանաձեւ, հունիսի 15, 2005
9. Արգենտինա, Սենատ, բանաձեւ, ապրիլի 20, 2005
10. Լեհաստան, խորհրդարան, բանաձեւ, ապրիլի 19, 2005,
11. Նիդեռլանդներ, խորհրդարան, բանաձեւ, դեկտեմբերի 21, 2004
12. Սլովակիա, Ազգային վեհաժողով, բանաձեւ, նոյեմբերի 30, 2004,
13. Կանադա, Համայնքների պալատ, հռչակագիր, ապրիլի 21, 2004,
14. Արգենտինա, Սենատ, հռչակագիր, մարտի 31, 2004,
15. Ուրուգվայ, օրենք, մարտի 26, 2004,
16. Արգենտինա, օրինագիծ, մարտի 18, 2004,
17. Շվեյցարիա, Ազգային խորհուրդ, բանաձեւ, դեկտեմբերի 16, 2003,
18. Արգենտինա, Սենատ, բանաձեւ, օգոստոսի 20, 2003,
19. Կանադա, Սենատ, բանաձեւ, հունիսի 13, 2002,
20. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ, փետրվարի 28, 2002,
21. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդի եւ Գարեգին 2-րդի համատեղ հայտարարություն, սեպտեմբերի 27, 2001,
22. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2- րդի աղոթքը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում, սեպտեմբերի 26, 2001,
23. Ֆրանսիա, օրենք, հունվարի 29, 2001,
24. Իտալիա, Պատգամավորների պալատ, բանաձեւ, նոյեմբերի 16, 2000,
25. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ, նոյեմբերի 15, 2000,
26. Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ, նոյեմբերի 7, 2000
27. Լիբանան, խորհրդարան, բանաձեւ, մայիսի 11, 2000,
28. Շվեդիա, խորհրդարան, զեկույց, մարտի 29, 2000,
29. Ֆրանսիա, Ազգային ժողով, օրինագիծ, մայիսի 28, 1998,
30. Բելգիա, Սենատ, բանաձեւ, մարտի 26, 1998,
31. Լիբանան, Պատգամավորների պալատ, բանաձեւ, ապրիլի 3, 1997
32. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, բանաձեւ 3540, հունիսի 11, 1996
33. Հունաստան, խորհրդարան, բանաձեւ, ապրիլի 25, 1996
34. Կանադա, Համայնքների պալատ, բանաձեւ, ապրիլի 23, 1996
35. Ռուսաստան, Պետական դումա, բանաձեւ, ապրիլի 14, 1995
36. Արգենտինա, Սենատ, բանաձեւ, մայիսի 5, 1993
37. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ, 18 հունիսի 1987
38. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ բանաձեւ 247, սեպտեմբերի 12, 1984
39. Կիպրոս, Ներկայացուցիչների պալատ, բանաձեւ, ապրիլի 29, 1982
40. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ բանաձեւ 148, ապրիլի 9, 1975
41. Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, բանաձեւ,ապրիլի 20 1965
42. ԱՄՆ, Սենատ, բանաձեւ 359, մայիսի 11, 1920
43. ԱՄՆ, Կոնգրես, Ակտ, օգոստոսի 6, 1919
44. ԱՄՆ, բանաձեւ 12, փետրվարի 9, 1916
45. Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հայտարարություն, մայիսի 24, 1915։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ ԱՄՆ 43 նահանգ։