Այսօր` ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար, քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր կոմիտեի զեկուցող, Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ռիկարդո Մալիորիին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը լի է փոխադարձ համակրանքով եւ բարեկամության դրսեւորումներով, ինչը նոր զարգացում է ապրել Հայաստանի անկախացումից ի վեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հանդիպման համար, պրն. Մալիորին կարևորել է ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում Իտալիայի և Հայաստանի պատվիրակությունների սերտ համագործակցությունը: Երկուստեք դրական է գնահատվել հայ-իտալական երկկողմ հարաբերությունները, կարեւորվել է խորհրդարանների միջեւ համագործակցության առավել խորացումը:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը, անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին, ինչպես նաեւ ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Ռ. Մալիորին հայտնել է, որ համակրանքով է հետեւում հայկական կողմի ջանքերին` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իտալացի պատգամավորը նշել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդին և Թուրքիային առնչվող հարց է, այլ մի հիմնախնդիր, որ հուզում է ողջ միջազգային հանրությանը եւ տեղեկացրել է, որ Երևան է ժամանել Հայոց Ցեղասպանությանը 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:




























