Ապրիլի 23-ին Ժնեւում, Տրուանեի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակի արարողություն, որին մասնակցել են Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, հայկական համայնքի, Ժնեւի եւ Տրուանեի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Տեղի են ունեցել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման եւ պսակադրման արարողություն, ելույթներով հանդես են եկել համայնքի եւ Տրուանեի իշխանությունների ներկայացուցիչները:
Այս օրերին Շվեյցարիայում տեղի են ունեցել նաեւ Ցեղասպանության 95-ամյակին նվիրված այլ միջոցառումներ: Մասնավորապես՝ ապրիլի 23-ին Բեռնում տեղի է ունեցել Շվեյցարիայի հայկական ընկերակցության մամլո ասուլիսը` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի անդամների մասնակցությամբ: Ապրիլի 24-ին նախատեսվում է Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ` Բեռնի մեծ համերգասրահում, որտեղ կատարվելու է Վերդիի Missa da Requiem-ը Լյուկ Բաղդասարյանի խմբավարությամբ` Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորների, Բեռնում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ:
Նույն օրը Ժնեւի հայկական եկեղեցում մատուցվելու է հիշատակի Սուրբ պատարագ: Ապրիլի 25-ից նախատեսվում են «Նարեկացի» համույթի հիշատակի համերգների շարքը Ժնեւում, Ցյուրիխում, Լուգանոյում, Լոզանում:




























