Այսօր` ապրիլի 24-ին Ուկրաինայի խորհրդարանի առաջ հավաքվելու են ընդդիմության կողմնակիցները, որոնք դեմ են Ռուսաստանի սեւծովյան նավատորմը Ղրիմում տեղակայման մասին պայմանագրի վավերացմանը: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ընդդիմությունը նախատեսում է հրավիրել խորհրդարանի` Գերագույն Ռադայի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ուկրաինայի տարածքում ՌԴ սեւծովյան նավատորմի մնալու ժամկետները երկարաձգելու հարցը: Ներկայումս արդեն Գերագույն Ռադայի դիմաց հավաքվել են ցուցարարները, որոնց ձեռքին կան Յուլի Տիմոշենկոյի բլոկի եւ Ուկրաինայի դրոշներ: Միաժամանակ խորհրդարանի շենքի դիմաց են գտնվում նաեւ իշխող Տարածաշրջանների կուսակցության կողմնակիցները, որոնց ձեռքին նույնպես կուսակցական ու պետական դրոշներ են:
Բացի այդ, ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում մարինովյան պալատի դիմաց, որտեղ հավաքվել են մի քանի հազար մարդ: Հանրահավաքին ներկա են Յուլիա Տիմոշենկոն, խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն, եւ Յուլիա Տիմոշենկոյի բլոկի գրեթե բոլոր պատգամավորները: Ներկա են նաեւ «Ժողովրդական ինքնապաշտպանության» առաջնորդ Յուրի Լուցենկոն, Եվրոպական կուսակցության ղեկավար Նիկոլայ Կատերինչուկը, Ժողովրդական ՌՈՒԽ-ի առաջնորդ Բորիս Տարասյուկը, «Հանուն Ուկրաինայի» կուսակցության ղեկավար Վյաչեսլավ Կիրիլենկոն:
Տիմոշենկոն իր ելույթում նշել է, որ այսօր արդեն բոլորի մոտ կասկած է առաջանում, որ ներկա իշխանությունն ուկրաինական չէ: Նրա խոսքով, Ուկրաինայի նախագահն ու վարչապետը աշխատում են այլ երկրի շահերի համար: Տիմոշենկոն կոչ է արել ընդդիմության կողմնակիցներին՝ ապրիլի 27-ին ավելի հուժկու հանրահավաք կազմակերպել, որպեսզի թույլ չտան այդ պայմանագրի վավերացումը խորհրդարանում:




























