Համաշխարհային մամուլը, մասնավորապես ֆրանսիական «Le Monde», «Le Figaro», իտալական «La Stampa» թերթերը ապրիլի 24-ին իրենց էջերում արծարծել են Օսմանյան կայսրությունում 1915-23թ.թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման միջոցառումները:

Մասնավորապես, «La Stampa»-ն գրում է. «Շատերի համար այսօր Ստամբուլում իսկական հրաշք է տեղի ունենում: Հայդարփաշա կայարանում, քաղաքի ասիական մասում առաջին անգամ միջոցառում է կազմակերպվել 1915թ. Ապրիլի 24-ին ձերբակալված 220 հայերի հիշատակին: Նրանք քաղաքական եւ մտավորական խավի ազդեցիկ ներկայացուցիչներն էին: Հենց նրանք դարձան Ցեղասպանության առաջին զոհերը: Հետագայում այդ օրը համարվում է սպանդի սկիզբնակետը»:

Այսօրվա ակցիան կազմակերպվել է «Insan Haklari Dernegi»-ի` Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության խոշորագույն հասարակական կազմակերպության կողմից: Հայտարարության մեջ ասված է. «Կազմակերպությունը Հայդարփաշա կայարան՝ զոհերի հիշատակը հարգելու եւ „Այլեւս երբեք“ ասելու է հրավիրում բոլոր նրանց, ովքեր հոգու խորքում ամոթ են զգում 1915թ. կատարվածի համար»:

Երկու տարի առաջ մոտ 30 հազար մարդ ստորագրեցին «Ozur Dileriz» (Ներողություն ենք խնդրում) օնլայն-խնդրագիրը, որում ներողություն են խնդրել 1915թ. դեպքերի համար:

«Այսօրվա ցույցը հավասարազոր է նրան, որ երկիրը պատրաստ է առերեսվել իր անցյալին», գրում է պարբերականը: