Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ, եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել է արտասահմանյան մամուլի էջերում Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների եւ փաստագրակական լուսանկարների նոր կազմակերպված ցուցադրությանը:

Այդ հրապարակումների համար աղբյուր են հանդիսացել ոչ միայն Եղեռնը վերապրած հայերի վկայությունները, այլեւ այդ ոճրագործության ականատեսը եղած օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, լրագրողների, ճանապարհորդների եւ այլ անձանց հաղորդած տեղեկությունները:

Արտասահմանյան մամուլում հրապարակված այդ նյութերը կարեւոր տեղեկություններ են պարունակում Ցեղասպանության ընթացքի եւ հետեւանքների մասին` միեւնույն ժամանակ հանդիսանալով Հայոց Մեծ Եղեռնի իրողության անուղղակի վկայություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից: