Հայ պատմաբանների մոտավոր հաշվարկով, եթե չլիներ Ցեղասպանությունը, հայերի թիվը միայն Օսմանյան կայսրությունում կհասներ 18 միլիոնի։ Ավելին, եթե հայերը չզրկվեին պատմական հայրենիքից, ապա այսօր ոչ թե 3, այլ 20 միլիոն կլինեին։ Ըստ պատմաբանների, հայության ժողովրդագրական պատկերը արմատապես փոխվեց հենց Թուրքիայի՝ հայ ազգաբնակչության հանդեպ վարած ցեղասպան քաղաքականությունից հետո։Այս մասին հայտնում է Հայաստանի Հանարային հեռուստաընկերությունը։

Հատկանշական է, որ արեւմտահայության իրական թիվը թաքցնելու եւ միշտ նվազ ցույց տալու մղումով Օսմանյան կայսրությունում երբեք կանոնավոր վիճակագրություն եւ մարդահամար չի անցկացվել։ Հաշվառում անցկացնող Հայոց պատրիարքարանին մշտապես հասել են ոչ ճշգրիտ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Վանի վիլայեթում, օրինակ, 1906-1907 թթ. հայերի թիվը, թուրքական կառավարության ներկայացմամբ, կազմել է ընդամենը 103 հազար, 1911-1912 թվականներին՝ 67 հազար, սակայն ճշգրիտ տվյալները պատմաբանները բացահայտում են Արեւելյան Հայաստան գաղթած վանեցիների ընտանիքների թվով։ Իսկ Ցեղասպանությունից հետո Արեւելյան Հայաստան գաղթել էր վանեցիների ավելի քան 24 հազար 123 ընտանիք։ Այս թվերի առկայության պարագայում դժվար չէ հաշվել, որ հայերի թիվը Վանում 1906-1912 թթ. հասել է 207 հազարի։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 1914 թ. Թուրքիայում 2.5 միլիոնից ոչ պակաս հայ է ապրել՝ այն էլ թերի հաշվարկների դեպքում։ Թե որքան հայ է տեղահանվել եւ ոչնչացվել, դժվար է ասել, սակայն տարբեր տվյալների համադրմամբ՝ սպանվել է 1.5 մլն մարդ, շուրջ կես միլիոնը տարագրվել են, 160 հազարը՝ ոչնչացվել Դեր Զորի անապատում. անհայտ է բռնի կրոնափոխվածների թիվը։

Գիտնականները համոզված են, որ եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, ապա հայերի քանակն Օսմանյան կայսրությունում կհասներ 18 միլիոնի, իսկ Կիլիկիայում՝ մինչեւ 15 միլիոնի։