Հայաստանի իշխող կոալիցիայի եւ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, որով Հայաստանը կասեցնում է 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացման գործընթացը, անհանգստության ալիք են բարձրացրել թուրքական մամուլում: Մասնավորապես՝ այդ քայլը համարում են խորամանկ քայլ եւ ճնշման միջոց Օբամայի վրա, որպեսզի վերջինս արտասանի ցեղասպանություն բառը:

Թուրքական Milliyet-ը նշում է, որ Անկարան սառնասրտությամբ ընդունեց Երեւանի որոշումը եւ հիմա սպասում է Վաշինգտոնից ապրիլի 24-ի ուղերձին: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ի հայտարարությանը ժամեր է մնացել, սակայն հայ-թուրքական հարաբերություններում զարգացում չկա: Սենատոր եղած ժամանակ Օբաման ասում էր, որ ցեղասպանություն եղել է, իսկ ա՞յս անգամ ինչ կասի։ Նախորդ տարվա իր ուղերձում Օբաման ցեղասպանություն բառը չարտասանեց, այլ ասաց Մեծ Եղեռն եւ դրանով շահեց հայերի սիրտը: Սակայն այս անգամ իրադրությունը այլ է: Օբամայի վարչակազմի մոտիվացիան, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթաց է ընթանում, մեծ հարված ստացավ»,-նշվել է թուրքական Milliyet-ում: