Իտալիան հետեւողականորեն աշխատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին` այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:
Դեսպանը ցավակցություններ է հայտնել ողջ հայ ժողովրդին իտալացի եղբայրների կողմից: Նա հիշեցրել է, որ Իտալիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Դեսպանը հայտնել է, որ Իտալիայում եւս 95-ամյակին նվիրված միջոցառումներ են ընթանալու: «Եթե հայերը ապրիլի 24-ը նշում են որպես Ցեղասպանության զոհերի սգո եւ հիշատակի օր, իտալացի ժողովուրդը պարտավոր է լինել նրանց կողքին, եւ այդպես կլինի հավերժ»,- ասել է Սկապինին:
Նշենք, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում մտահղացվել եւ իրականացվել է 1,5 միլիոն հայերի սպանությունը: 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց եւ սպանվեց հայկական ողջ մտավորականությունը: Այդ օրը նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են Որուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ երկրներ: ԵՄ մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանվում:




























