Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տրվել է ապրիլի 23-ի երեկոյան: Աթենքի կենտրոնական Սինտագմա (Սահմանադրության) հրապարակում կազմակերպվել է հունահայ սիրված երգիչ Հայկ Յազըջյանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Հունաստանի շրջանային վարչության երիտասարդական պարախմբերի համերգը: Հանդիսավոր միջոցառումների և դրան նախորդած օրերին Սինտագմա հրապարակում նաև կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Տեղակայվել է տաղավար, որտեղ ցուցադրվում են տեսաժապավեններ, պատմական լուսանկարներ և գրքեր` հույն հանրությանը Ցեղասպանության մասին ավելի լայնորեն իրազեկելու և Ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչմանը նրանց մասնակից ու հաղորդակից դարձնելու նպատակով:
Ապրիլի 24-ին, Աթենքի Նեա Զմիռնի («Նոր Զմյուռնիա») թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, իսկ ապրիլի 25-ին «Ատտիկոն» սրահում կկայանա հիշատակի արարողությունների կենտրոնական ձեռնարկը:
Ապրիլի 25-ին Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումներ կանցկացվեն նաև Հունաստանի Սալոնիկ և Կոմոտինի քաղաքներում:




























