Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրք հայտնի մտավորականների կողմից կազմակերպված 1915-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը փորձել են խանգարել մի խումբ ազգայնականներ, ովքեր հնչեցրել են «Կամ սիրիր, կամ հեռացիր» կարգախոսը:

Միջոցառումը սկսվել է երեկոյան ժամը 19-ին, որին հետեւելիս են եղել նաեւ արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հիշատակի արարողության ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել արտիստ Զեյնեփ Թանբայը:

«1915-ին, երբ Թուրքիայի բնակչությունը 13 միլիոն էր, այս հողերում 1.5-2 միլիոն հայ էր ապրում: Թրակիայում, Էգեյան հատվածում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում, Սամաթիայում, Շիշլիում եւ այլուր: Նրանք մեր թաղամասերի ընկերներն էին`մեր դերձակները, ոսկերիչները, կոշկակարները, ջրաղացպանները, դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, կոմպոզիտորները…: Մեր դռնկից հարեւաններն էին, մեր հոգսերի կիսողները: 1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին աքսորել եւ հիմա նրանք արդեն չկան, նույնիսկ նրանց գերեզմանները չկան: Սակայն մեր խղճի մեջ առկա Մեծ Աղետի Մեծ Ցավը 95 տարի է գոյություն ունի եւ ավելի է մեծանում: Մենք կոչ ենք անում այն բոլոր թուրքերին, ովքեր իրենց սրտում զգում են այդ Մեծ Ցավը, 1915-ի զոհերի հիշատակի առաջ խոնարհվել: Սեւ զգեստներով, անձայն, վառվող մոմերով ու ծաղիկներով…: Որովհետեւ այդ ցավը` ՄԵՐ ցավն է: Այդ սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ»,- ամփոփել է Զեյնեփ Թանբայը: Հայտարարությունից հետո հավաքված բազմությունը մոմեր է վառել եւ մեխակներ դրել նախատեսված վայրում: Ավելի ուշ հավաքվածները երթ են կազմակերպել, որի ընթացքում հնչել են «Կեցցե թուրք-քուրդ-հայ ժողովուրդների եղբայրությունը» եւ «Ուս-ուսի ֆաշիզմի դեմ» կարգախոսները:

Հիշյալ միջոցառումը խանգարելու մտադրությամբ Թաքսիմում հավաքված բազմության ուղղությամբ են շարժվել 40 հոգուց բաղկացած ազգայնականների մի խումբ, ովքեր վանկարկել են «Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» եւ «Կամ սիրիր, կամ հեռացիր» կարգախոսները: Ոստիկանությունը արագ նկատել է վտանգը եւ թույլ չի տվել ազգայնական խմբին առաջ շարժվել: Ոստիկանների շղթայի մեջ հայտնված ազգայնականները շարունակել են կարգախոսներ հնչեցնել: Վերջիններս նույնիսկ բղավել են. «Նրանք մեզ Օգյուն Սամաստ են դարձնելու» (Հրանտ Դինքին սպանած ոճրագործի անունը): Հատկանշականն այն է, որն անցորդները սաստել են ազգայնականներին եւ հորդորել հեռանալ: Այնուհետ հավաքված խումբը, որի մեջ եղել են նաեւ ադրբեջանցիներ, ցրվել է, սակայն ոստիկանությունը շարունակել է անվտանգության միջոցառումները հիշյալ հատվածում:

Նշենք, որ «Այս ցավը` ՄԵՐ ցավն է: Այս սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ» անունը կրող 1915-ի զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել էին մի խումբ թուրք մտավորականներ, այդ թվում` հայտնի մտավորական Բասքըն Օրանը, իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը, հայտնի լրագրող Նեշե Դյուզելը, Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, թուրքական խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ այլոք: