Հայաստանի խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային խորհրդի՝ հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությունը։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, այս գործընթացը նույնիսկ ուշացած է։ «Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղում այս գործընթացն ավելի վաղ պետք է նախաձեռնեին, սակայն մինչ արտասահմանյան խորհրդարաններին դիմելը` Ստեփանակերտն այս հարցը պետք է լուծի Հայաստանի հետ։ Քանի դեռ Հայստանը չի ընդունել ԼՂՀ անկախությունը, ոչ մի երկրի խորհրդարան չի անի դա»,- նկատել է Մարտիրոսյանը։
Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին եւս ճիշտ է համարել ԼՂՀ հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ եկել է ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ինքը կարողանա միջազգային հանրության դեմ հարցեր բարձրացնել։
«Դաշնակցություն» կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր նախաձեռնություններում պետք է օգնի Ղարաբաղին, եւ եթե Ստեփանակերտը նպատակահարմար է գտել հանդես գալ նման նախաձեռնությամբ, ապա Երեւանն ամեն կերպ պետք է նպաստի դրան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ընդունելի է։ Սակայն նա քիչ հավանական է համարել այն, որ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ազդանշան ստանալը՝ որեւէ երկրի խորհրդարան կընդունի ԼՂ անկախությունը. «Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային ինքնիշխանության հիման վրա, նման բան չի լինի»,- ընդգծել է Սաֆարյանը։




























