Հայաստանի Արարատյան դաշտում տարիներ շարունակ առանց վերահսկողության օգտագործում էին արտեզյան ջրերը: Այդ մասին ապրիլի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:
«Մենք գրեթե կրկնակի անգամ ավել արտեզյան ջուր ենք վերցրել, քան արտադրվում է: Իսկ այժմ հանկարծ ուշքի ենք եկել ու սկսել են փակել արտեզյան հորերը»,- հայտարարել է Դանիելյանը: Նրա խոսքով՝ Արարատյան դաշտում ձկնաբուծության՝ արտեզյան ջրերի հետ կապված խնդիրները չի կարելի Սեւանա լճի հաշվին լուծել:
Կասկածի առիթ արդեն կա, հավելել է նա. 2008թ.-ին, երբ կառավարությունը դարձյալ հայտարարեց երաշտի մասին եւ Սեւանա լճից բաց թողնելու ենթակա ջրի ծավալն ավելացնելու մասին, ՀԿ-ն ուսումնասիրեց ջրամբարների իրավիճակը: «Դրանք միանգամայն դատարկ չէին, այնտեղ ջուր կար»,- ընդգծել է Դանիելյանը:
Սեւանին պետք է պատասխանատվությամբ վերաբերվել, այլ ոչ թե այն դարձնել կոնյուկտուրային բիզնեսի զոհ, հավելել է նա: «Մեր լիճն ինքնամաքրման հետաքրքիր ունակություն ունի: Մաքուր չեն ափերը, լիճ են հոսում կեղտաջրեր, իսկ ջուրը շարունակում է մաքուր մնալ: Ընդ որում որքան ավելի մոտ բնական մակարդակին, այնքան այն ավելի մաքուր է»,- եզրափակել է Դանիելյանը:
Իր հերթին «Սեւան-Հրազդան ջրապատնեշ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանում ենթակառույցների բացակայության հետեւանքով հնարավոր չէ 7 մլրդ խորանարդ մետր մակերեսային ջուր հավաքել: Այժմ ծրագրվում է միաժամանակ մի քանի ջրամբար կառուցել, ինչը կթեթեւացնի Սեւանի ծանրաբեռնվածությունը, հիշեցրել է նա:
Հայաստանի ջրային տնտեսության պետական հանձնաժողովը օտարերկրյա վարկային միջոցների օգնությամբ մտադիր է ավարտել 90 մլն խորանարդ մետր մակերեսով Եղվարդի ջրամբարը, կառուցել Վեդի ջրամբարը՝ 22-23 մլն խորանարդ մետր մակերեսով: «Մշակվում է նաեւ հնարավորություն ավարտելու Քասախ գետի վրա Օշականի 15 մլն խորանարդ մետր մակերեսով ջրամբարի շինարարությունը: Այս ամենը թույլ կտա Արարատյան դաշտ հասցնել անհրաժեշտ ոռոգման ջուրը, մասնավորապես, այն 8000 հա հողին, որտեղ այն առավելապես չի բավականացնում»,- հայտարարել է Հովհաննիսյանը:




























