Ֆրանսիացի քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում 97 տարեկանում կյանքից հեռացած նախկին վարչապետ Էդուար Բալադյուրի հիշատակին: Արմատներով հայկական ընտանիքից սերող պետական գործիչը Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է նախագահ Ֆրանսուա Միտերանի օրոք՝ 1993–1995 թվականներին, և առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, հայտնում է Euronews-ը:
Բալադյուրի մահվան մասին երկուշաբթի օրը AFP գործակալությանը հայտնել է նրա ընտանիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հարազատները հայտնել են, որ նրա հիշատակին կմատուցվի մասնավոր պատարագ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բալադյուրին անվանել է «պահանջկոտ, խոհեմ և նվիրված պետական ծառայող», որը «իր կյանքը նվիրեց Հինգերորդ հանրապետությանը»: «Ես հարգում եմ նրա հիշատակը և ցավակցություն հայտնում նրա ընտանիքին ու մերձավորներին», — սոցցանցերում գրել է Ֆրանսիայի ղեկավարը:
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն Բալադյուրին բնութագրել է որպես «բարեփոխչական ոգով օժտված պետական գործիչ»: Նրա խոսքով՝ նախկին վարչապետը «օրինակ կմնա իր քաղաքական թիմի բազմաթիվ գործիչների համար»:
«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նույնպես ցավակցություն է հայտնել Բալադյուրի ընտանիքին և նախկին գործընկերներին: Նա նշել է, որ, չնայած քաղաքական տարաձայնություններին, պետք է արժանին մատուցել պետական գործչին, որը «նշանակալի հետք է թողել Ֆրանսիայի հասարակական կյանքում», պաշտպանել է իր համոզմունքներն ու Հանրապետությանը ծառայելու իր ընկալումը և հարգել ժողովրդավարական բանավեճը:
Բալադյուրը ծնվել է 1929 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում՝ հայկական արմատներով ընտանիքում: Նա կրթություն է ստացել Փարիզում՝ ավարտելով հեղինակավոր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչարարության ազգային դպրոցը:
1993 թվականի մարտից մինչև 1995 թվականի մայիսը Բալադյուրը զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը սոցիալիստ Միտերանի նախագահության օրոք: Այս շրջանը պատմության մեջ մտավ որպես «երկրորդ համակեցություն»՝ սոցիալիստ նախագահի և աջակենտրոն կառավարության համատեղ աշխատանքը:
Մինչ այդ Բալադյուրը եղել է Ֆրանսիայի նախագահ և նախկին վարչապետ Ժորժ Պոմպիդուի մերձավոր խորհրդականներից մեկը:
1995 թվականին Բալադյուրը առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, սակայն չի անցել երկրորդ փուլ: Ուժերի առաջին դասավորությամբ նա զիջել է սոցիալիստ Լիոնել Ժոսպենին և իր կուսակից Ժակ Շիրակին, որն էլ հետագայում հաղթել է ընտրություններում:
Բալադյուրի մահից հետո տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ֆրանսիացի գործիչներն ընդգծել են երկրի պետական կյանքում և Հինգերորդ հանրապետության կայացման գործում նրա ներդրումը:





























