Լիբանանի կենտրոնական բանկը երկրում ծավալված տնտեսական ճգնաժամի ֆոնին կոռուպցիոն հնարավոր դեպքերն ու չարաշահումները պարզելու նպատակով դատահաշվապահական աուդիտ է սկսել արտարժութային ակտիվների հետ կապված նախկին գործարքների համար: Ստուգումն իրականացնում է ամերիկյան Alvarez & Marsal ընկերությունը, հայտնում է AFP-ն:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ աուդիտը մեկնարկել է օգոստոսի 17-ին և ընդգրկում է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի վերջն ընկած ժամանակահատվածի «առանձին գործարքներ»: Մասնավորապես, մասնագետները կուսումնասիրեն կարգավորիչի արտարժութային ակտիվներով իրականացված գործառնությունները, այդ թվում՝ առաջնային անհրաժեշտության ապրանքների ու նյութերի գնման սուբսիդավորման ծրագրերը, ինչպես նաև դրամական այլ փոխանցումները:

Մայիսին կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ստուգումը պետք է պարզի, թե արդյոք վճարումներն ու փոխանցումները կատարվել են անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնեցումների առկայությամբ, և արդյոք հատկացված միջոցներն օգտագործվել են ըստ նշանակության՝ առանց խախտումների, չարաշահումների կամ յուրացումների:

Դատահաշվապահական աուդիտը միջազգային հանրության և Արժույթի միջազգային հիմնադրամի առանցքային պահանջներից է, որից Լիբանանը հույս ունի ֆինանսական աջակցություն ստանալ 2019 թվականին սկսված տնտեսական ճգնաժամից հետո:

Alvarez & Marsal-ը Լիբանանի կենտրոնական բանկի աուդիտ էր իրականացրել նաև 2020 թվականին, սակայն աշխատանքը կասեցվել էր այն բանից հետո, երբ կարգավորիչը չէր տրամադրել անհրաժեշտ տվյալները: Ընկերությունը վերսկսել էր ստուգումը հաջորդ տարի, սակայն 2023 թվականին հրապարակված նրա միջանկյալ զեկույցը լուրջ դիտողություններ էր պարունակում նախկին կառավարիչ Ռիյադ Սալամեի պաշտոնավարման ընթացքում կառույցի աշխատանքի վերաբերյալ:

Սալամեն ղեկավարել է Կենտրոնական բանկը 1993 թվականից մինչև 2023 թվականի հուլիսը և լայնորեն ընկալվում է որպես Լիբանանի ֆինանսական փլուզման գլխավոր պատասխանատուներից մեկը: Նրան մեղադրում են նաև պաշտոնավարման տարիներին ահռելի հարստություն կուտակելու մեջ:

Սալամեի նկատմամբ հետաքննություններ են ընթանում Լիբանանում և այլ երկրներում՝ ներառյալ միջոցների յուրացման և հարկերից խուսափելու մեղադրանքներով: Ինքը՝ Սալամեն, բազմիցս հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, թե իրեն «քավության նոխազ» են դարձրել երկրի տնտեսական փլուզման համար:

2024 թվականի սեպտեմբերին Սալամեն ձերբակալվել էր, մասնավորապես, կենտրոնական բանկի միջոցներից 44 միլիոն դոլարի ենթադրյալ յուրացման մեղադրանքով: Մեկ տարի անց նրան ազատ արձակեցին Լիբանանի համար ռեկորդային՝ ավելի քան 14 միլիոն դոլար գրավի դիմաց:

Հուլիսին Սալամեն կրկին կալանավորվեց՝ ֆոնդերի յուրացման և ապօրինի հարստացման մեղադրանքներով: Նոր գործի հարուցման առիթ էր դարձել Լիբանանի կենտրոնական բանկի ներկայիս ղեկավարության ներկայացրած բողոքը: