NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկայացնում է մեկնաբան Ալեքսեյ Երյոմենկոյի`«The Moscow Times» պարբերականում հրապարակված հոդվածը:
Անկախ պետությունների համագործակցությունը լքելու մասին Ուկրաինայի` երեքշաբթի օրը հնչեցրած հայտարարությամբ Կրեմլի` Մոսկվայի շուրջ` Խորհրդային Միության ոսկորների վրա կառուցված ինտեգրացիոն նախագծի դագաղի վերջին մեխը խփվեց: Դա բոլոր վերլուծաբաններն են ասում:
Ռուսաստանը այլընտրանքային ինտեգրացիոն սխեմաներ ունի հետխորհրդային տարածքի համար, բայց Ուկրաինայի բացակայության պարագայում դրանք, ամենայն հավանականությամբ, օպորտունիստական միությունների կարգավիճակում կմնան, քանի որ, փորձագետների համոզմամբ, անդամ-երկրները, գլխավորապես` միջինասիական պետությունները, Մոսկվայի հետ ռազմավարական միության կեղծ շղարշի ներքո իրականում ռուսական փողերին են ձգտելու: «Խելամիտ մարդու համար պարզ է, որ առանց Ուկրաինայի նոր Խորհրդային Միության գաղափարը նոնսենս է», - այս խոսքերի հեղինակը քաղաքագետ Սերգեյ Շելինն է:
Այդուհանդերձ, կառավարամետ Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտը ներկայացնող Կոնստանտին Զատուլինի համոզմամբ, Ուկրաինան դեռ կարող է հրաժարվել իր որոշումից, հաշվի առնելով, որ այն ԱՊՀ շրջանակում ստորագրված բազմաթիվ համատեղ պայմանագրերի մասնակից երկիր է հանդիսանում: ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան դեռեւս ապրիլ ամսին է հայտարարել, որ, ԱՊՀ-ն լքելով, Կիեւը պետք է նաեւ դաշինքի ստեղծման պահից` 1991թ.-ից ի վեր ստորագրված 223 համատեղ պայմանագրերից հրաժարվի: Հիշյալ ցանկը բազմաթիվ ցածր մակարդակի համաձայնագրեր է ներառում, բայց այնտեղ նաեւ աշխատանքային բնույթի համաձայնագիր կա, որը հազարավոր ուկրաինացիների Ռուսաստանում աշխատելու հնարավորություն է ընձեռում:
Ուկրաինան նաեւ, Բելառուսի ու Ռուսաստանի հետ միասին, ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կողմերից մեկն է հանդիսանում: Արդյունքում Ռուսաստանն այդ երկրի ամենախոշոր առեւտրային գործընկերն է դարձել: Երկու երկրների միջեւ ապրանքների երկկողմանի շրջանառության ծավալը, համաձայն պաշտոնական տվյալների, 2013թ. 39 մլրդ ԱՄՆ դոլար է կազմել: Մոսկվան ներմուծման կանոնակարգի խստացմամբ եւ ազատ առեւտրի գոտուց ընդհանրապես հրաժարվելու սպառնալիքներով դեռւես ընթացիկ տարվա սկզբից է Ուկրաինայի հետ «մաքսային պատերազմ» վարելու փորձեր անում: Սակայն ներկայումս Ուկրաինան Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհով է ընթանում, ինչը կարճաժամկետ կորուստների փոխհատուցում է խոստանում: Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կարող է մինչեւ տարվա վերջ ուժի մեջ մտնել, իսկ ազատ առեւտրի ռեժիմն արդեն դե-ֆակտո գործում է:
Այդուհանդերձ, ԱՊՀ-ի համար ի սկզբանե գեոքաղաքական, եւ ոչ` տնտեսական կամ մարդասիրական ինտեգրման գործառույթ էր նախանշված: Եվ այդ տեսանկյունից դաշինքը, գրեթե բոլոր կողմերի ընկալմամբ, տապալվել է: 2005թ. նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինն է խոստովանել, որ ԱՊՀ-ն ընդամենը նախկին խորհրդային հանրապետությունների «քաղաքակիթ ամուսնալուծության» ձեւ է դարձել: Կարնեգի Մոսկվայի գրասենյակը ներկայացնող Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով, դաշինքը երկար տարիներ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել եւ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ֆոնին վերջնական քայքայման ամրագրումը կանխարգելող ոչ մի քայլ չի նախաձեռնել: Փորձագետը զարգացրել է միտքը` համոզմունք հայտնելով, որ առանց Ուկրաինայի ԱՊՀ գործունեությունը, ամենայն հավանականությամբ, կսառեցվի կամ էլ` ընդհանրապես կդադարեցվի` կախված այն բանից, թե հիշյալ տարբերակներից որն է առավելապես Ռուսաստանի շահերից բխում:
Կրեմլը վերջին տարիներին հետխորհրդային տարածքի համար թարմ ինտեգրացիոն նախաձեռնություններով է հանդես եկել, նոր դաշինքներ առաջարկել: Դրանցից են Մոսկվային շուրջ ծավալում գտած Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մաքսային միությունը, որին մասնակցելու սիրալիր հրավերքներ են ուղարկվել մի շարք այլ երկրների: Հայաստանը անցյալ տարի սեպտեմբեր ամսին հայտարարել է, որ պատրաստ է միանալ Մաքսային միությանը: Նախագծի նկատմամբ հետաքրքրություն կա նաեւ Ղրղըզստանի կողմից:
Շելինի համոզմամբ, Ղազախստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան կարող է այդ երկրի հյուսիսային` գերազանցապես ռուսաբնակ նահանգների նկատմամբ հավակնություններ դրսեւորել, ինչպես որ Ուկրաինայի պարագայում ստացվեց: Իր հերթին, Հայաստանը, որ նշանակալի կախվածություն ունի ռուսական զենքի մատակարարումներից, նույնպես, Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերին միանալուց բացի, ոչ մի այլընտրանք չուներ: Իսկ մյուս երկները, որոնց թվում նաեւ` Ղրղըզստանը, Ռուսաստանի կողմից ավելի մեծ տնտեսական աջակցություն ստանալու ախորժակ ունեն:





























