Պաշտոնական Երեւանը պետք է զգուշությամբ վերաբերվի ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդմանը: Տեսակետը հունիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսին թուրքագետ Արտակ Շաքարյանն է հայտնել` մեկնաբանելով Սեւ ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» գազատարից ռուսական վառելիքի ներմուծման ծավալները մեծացնելու մասին Թուրքիայի որոշումը:
Նրա խոսքով, Հայաստանը Մոսկվայի եւ Անկարայի միջեւ բազմակողմանի գործընկերային հարաբերությունների խորացման հետեւանքների դառը պատմական փորձ ունի: «Բոլորս հիշում ենք բոլշեւիկյան ժամանակները, երբ Ռուսաստանը կարճաժամկետ շահի համար, կարելի է ասել, ծախեց Երեւանին: Եվ այսօր անչափ կարեւոր է հետեւել, որ ռուս-թուրքական համագործակցության արդյունքում հերթական հակահայկական քայլերը չձեռնարկվեն», - հավելել է թուրքագետը:
Փորձագետի համոզմամբ, ռուս-թուրքական հարաբերությունները գազի առեւտրով չեն սահմանափակվում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մոսկվան եւ Անկարան ատոմային էլեկտրակայանների շինարարության եւ շահագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: «Ատոմակայանի շինարարության արդյունքում Թուրքիան կարող է միջուկային զենքի մշակում նախաձեռնել: Այնպես որ Հայաստանի իշխանությունները պետք է առավել մեծ ճկունություն ցուցաբերեն եւ հանրապետության անվտանգության համար ուղիղ սպառնալիք ներկայացնող բոլոր հարցերը Մոսկվայի հետ քննարկումների օրակարգ մտցնեն», - ամփոփել է Արտակ Շաքարյանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից` տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ընդգծել է, որ գազի գնմանն ուղված նոր քայլերի շնորհիվ թուրքական իշխանությունները փորձում են երկրի տնտեսությունը ցամաքային գազատարներով, այդ թվում` Ուկրաինայից տարանցմամբ ստացվող մատակարարումների հնարավոր դադարեցման հետեւանքներից ապահովագրել: Միեւնույն ժամանակ, նոր պայմանագրերի հաշվին Անկարան փորձում է ներմուծվող գազի գինը իջեցնել:




























