Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալական ճառի ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է անհապաղ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։ Այդ առթիվ ֆինանսական փորձագետ, Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Պիտեր Քյոնիգը հարցազրույց է տվել «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի անգլիական ծառայությանը, որտեղ մասնավորապես ստեղծված ընդհանուր գեոքաղաքական պատկերը, Ուկրաինայում տիրող իրադրությունն ու երկրորդ «սառը պատերազմի» կանխարգելման հարցն է քննարկել՝ ընդգծելով, որ Ուկրաինան ընդամենը շախմատային զինվորի կարգավիճակ ունի։ NEWS.am-ը հատվածներ է բերում հիշյալ հարցազրույցից.
Համարո՞ւմ եք, որ Ուկաինան կարող է ռիսկերի գեներատոր դիտարկվել, այնքանով, որ նոր եվրասիական միությունների, Մետաքսի ճանապարհի, Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Եվրամիության ապագան կարող է վտանգվել
Այո, որոշ ռիսկեր կան։ Ի՞նչ կլինի, եթե Պուտինը մի ակնթարթ շեղվի խաղաղության եւ համագործակցության իր երկարաժամկետ հեռանկարից եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությանը միջամտի՝ կյանքեր փրկելու նպատակով։ Արդյո՞ք ԱՙՄՆ-Հյուսիսատլանտյան դաշինք կողմը հատուցում կձեռնարկի՝ միջանկյալ եվրոպական տարածքների բնակիչներին թնդանոթի միս դարձնելով։ Ի՞նչ տարբերակներ ունի Կրեմլը՝ անմիջական միջամտությունից բացի։ Կարող է անուղղակի ներգրավվածություն ապահովել՝ Նովոռոսիան մինչեւ ատամները զինելով, ինչպես որ ԱՄՆ-Հյուսիսստլանտյան դաշինքն է Կիեւի պարագայում վարվում։ Կամ կարող է սպասել, մինչեւ արեւմտյան աշխարհի՝ դոլարի հետ կապված տնտեսական փլուզմանը ԱՄՆ-Հյուսիսստլանտյան դաշինք կապի ռազմական ուժի մարումը հետեւի, ինչը զուգահեռաբար նշանակալի վնասներով է հղի. մասնավորապես Ուկրաինայում մինչ այդ զոհերի հսկայական աճ կարող է գրանցվել։ Կարելի է նաեւ երկուսը միաժամանակ անել՝ թե Նովոռուսիան զինել, եւ թե BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան Հարավ-աֆրիկյան հանրապետություն) ներկայումս մշակվող նոր արժութային եւ տնտեսական համակարգի կիրառման միջոցով Արեւմուտքի տնտեսական փլուզումը խթանել։ Այդ կերպ կարելի է եւ Ուկրաինայում զոհերի թիվը կրճատել, եւ նոր՝ երկրորդ «սառը պատերազմի» բռնկման հավանականությունը նվազագույնի հասցնել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երկրորդ «սառը պատերազմ» վարելու համար աշխարհը պետք է վստահի դոլարին. չէ՞ որ այդ դեպքում ԱՄՆ-ի փող տպող մեքենաները անխնա տպաքանակ են ապահովելու՝ շուկան անօգուտ դոլարներով եւ պարտքերով լցնելու համար, որոնց դիմաց կենտրոնական բանկերն իբր կարող են պահուստաֆոնդերից վճարել։ Սակայն այդ վստահությունը աշխարհի երկրների մեծ մասում այլեւս առկա չէ։ Գնալով նվազում է այն երկրների թիվը, որոնք կայսրին մինչեւ վերջ նվիրվածություն ցուցաբերելու համար վերջինիս փայից մնացուկներ ձեռք գցելու հույսեր են տածում։ Եվրոպան, իհարկե, այլեւս Սպիտակ տան թիկունքն այնքան ապահով չի դարձնում, որպեսզի Օբաման կարողանա նախկինի նման «աչք վախեցնելու» տակտիկա վարել։
Վաշինգտոնը, Լոնդոնը եւ մյուս ոչ պաշտոնական ուղեղային կենտրոնները, ինչպես, օրինակ, Բիլդերբերգյան ակումբն է, անշուշտ, ուսումնասիրել են այդ բոլոր սցենարները։ Ի՞նչ հակաքայլեր կարող են ձեռնարկվել՝ դրա դեմն առնելու համար։
Անհնար չէ ռիսկի գործոնը, որ վերջնական հուսահատության պահին Վաշինգտոնը կարող է ավերիչ միջուկային պատերազմ հրահրել։ Սակայն իրադարձությունների նման զարգացումը խիստ կասկածելի է, քանի որ կայսրության բանկային եւ կորպորատիվ էլիտան, ովքեր վերահսկում են Օբամայի գործողությունները, չափազանց եսակենտրոն են՝ ինքնաոչնչացման ռիսկի գնալու համար։ Հարկ է նշել, որ այսպես կոչված «ամերիկյան էլիտան» այնքան էլ ամերիկյան չէ։ Դրա անդամները բոլորովին էլ ամերիկյան ազգի եւ պետության շահերով չեն առաջնորդվում։ Նրանց համար Ամերիկան ընդամենը գործիք է, որ համաշխարհային տիրապետմանը պետք է ծառայի։ Եթե այդ մարդիկ, առանց ինքնաոչնչացման ռիսկի, պատերազմ հրահրելու հնարավորություն ունենան, անպայման կանեն դա։ Ի վերջո, եթե թռչնի թռիչքի բարձրությունից նայելու լինենք, Ուկրաինան կարող է շախմատի այն պարզ վանդակը դառնալ, որտեղ ամբարտավան ու ագահ թագուհին տանուլ է տալիս համեստ, բայց իմաստուն զինվորին։





























