Հայաստանում արդյունաբերական նոր նախագծերի համար էժան էլեկտրաէներգիան կարող է չբավականացնել:  Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը NEWS.am-ին  հայտնել է, որ էլեկտրաէներգիայի  սպառման  ավելացումը նորից կարող է բարձրացնել դրա սակագնի հարցը:

Նա հիշեցրել է, որ 2014 – 15 թթ. (հուլիս-հուլիս) էլեկտրաէներգիայի սպառումը  կարող է ավելանալ 270 միլիոն կՎտ/ժ-ով՝ Թեղուտի պղնձամոլիբդենային  հանքավայրում արդյունահանումը սկսելու եւ  Չարենցավանի  «ԱՍԿԵ Գրուպ» ամրանների գործարանի արտադրության աճի, ինչպես նաեւ Արարատի ոսկու նոր արտադրամասի գործարկման պատճառով: Համեմատության համար՝ 2013 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին սպառումը կազմել է 6,186 միլիարդ կՎտ/ժ, այլ կերպ ասած՝ աճը կարող է կազմել 4 – 4,5%:  Սա շատ չէ, հաշվի առնելով, որ 2008 – 12 թթ. Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը աճում էր միջինը  2%: Սակայն քանի որ  մյուս բոլոր հարաբերականորեն էժան պաշարները (Սեւան-Հրազդան եւ Որոտանի կասկադներ, ԱԷԿ) արդեն ամբողջ հզորությամբ են աշխատում, ստիպված պետք է ավելացնել Հրազդանի ՋԷԿ-ի եւ դրա 5-րդ էներգաբլոկի արտադրությունը, որոնք արդեն ավելի թանկ ռեսուրսներ են», - ասել է Բաղրամյանը: Մյուս կողմից, այդ գործարանները բարձր լարման սպառողներ են  (Թեղուտը կոմբինատը եւ «ԱՍԿԵ Գրուպը»՝ 110 կիլովոլտանոց են): Դրա սակագինն ավելի ցածր է (29 դրամ՝ մեկ կաՎտ/ժ-ի դիմաց ցերեկը, 25 դրամ՝ գիշերը), քան Հրազդանի ՋԷԿ-ինը (30,983 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց) եւ 5-րդ էներգաբլոկինը (33,4 դրամ): Իսկ ցածր սակագներով մյուս բոլոր էլեկտրակայանները, հավելել է Բաղրամյանը, արդեն աշխատում են գրեթե ողջ հզորությամբ:

Այլ կերպ ասած, եթե ներկայիս սակագները պահպանվեն, նոր գործարանները կսպառեն ինքնարժեքից ցածր էլեկտրաէներգիա, իսկ դա նշանակում է՝ ի վնաս «Էլեկտրացանցերի»: «Բնականաբար, այդ ժամանակ անհրաժեշտություն կծագի քննարկել սակագնի բարձրացումը», - նշել է Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ սակագինն այժմ կազմում է 33,8 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: