NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Financial Times»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է պարբերականի թղթակից Ջեք Ֆարչին:
Աստանայում Անկախության պալատում երեք պետությունների ղեկավարները ներկայացան բարձրաստիճան հազարավոր պաշտոնյաների առջեւ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունեց համաձանագիրը, որը քիչ առաջ կնքել է Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ՝ նշելով, որ պայմանագիրը «դարաշրջանային նշանակություն ունի»:
Մայիսի վերջին Եվրասիական տնտեսական միության հաստատումը, որը կսկսի գործել հունվարից, արտացոլում է ԵՄ հակակշիռ ստեղծելու երկարամյա ջանքերը:
Տնտեսական գործարքը կազմել են երեք երկրների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով: Սակայն այն արտացոլում է Ռուսաստանի ավելի ծավալուն նախաձեռնությունները, այն ժամանակ, երբ Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրեց Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ նոր տարանջատման: Քանի որ պատժամիջոցները ստիպում են ռուսական տնեսությանը փակվել ներսում, կան մտավախություններ, որ Ռուսաստանի հետ միասնական շուկան վերջնական արդյունքում կհանգեցնի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների մեկուսացման:
Որոշ երկրների համար Ռուսաստանի ձգողականությունն անհաղթահարելի է: Դրան բաժին է հասնում Բելառուսի ներկրման 59 տոկոսը, դրա արտահանման 35 տոկոսը: Ռուսաստանի ընկերությունները պատասխանատու են Հայաստանի ուղղակի օտարերկրյա ներդրումների 49 տոկոսի համար, իսկ Ռուսաստանում աշխատող ղըրղըզները տունեն ուղարկում իրենց երկրի ՀՆԱ-ի 29 տոկոսը:
Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Միջազգային արժութային հիմնադրամի փոխտնօրեն Յուհա Կյահկենեն նշում է, որ մաքսային միությունները միտում ունեն անդամների միջեւ առեւտրի ընդլայնման: «Մյուս կողմից մաքսային միությունը չի ընդունում առեւտուրը, որն այլ դեպքում կիրականացվեր երրորդ երկրների հետ,- հավելել է նա:- Մաքուր փոխազդեցությունը միանշանակ չէ»:
Լայն իմաստով Ռուսաստանի տնտեսական ազդեցությունն աճում է: Նրա դիվանագիտական ներուժը հարեւանների նկատմամբ ուղեկցվում է գործարքներով ու ներդրումներով, ռուսական ընկերություններն ուժեղացնում են վերահսկողությունը հիմնական բնագավառների նկատմամբ: Պետության կողմից վերահսկվող «Գազպրոմ» ընկերությունը հիմնական դեր է խաղում: Փետրվարին այն ձեռք բերեց Հայաստանի պետական գազային ընկերության ամբողջական վերահսկողությունը, վերանվանեց այն «Գազարդ Հայաստան»: Ապրիլին նա 1 դոլար վճարեց Ղըրղըստանի «Ղըրղըզգազ» ընկերությանը, եւ այն այժմ կոչվում է «Գազարդ Ղըրղըզստան»:
Վերլուծաբանները նշում են, որ հարվածը քաղաքական է հանդիսանում: «Ո՞րն է «Գազպրոմի» տնտեսական նպատակը: Հասկանալի է, որ նպատակը ռազմավարական էր»,- նշում է Ալեքսանդր Քուլին Կոլումբիական համալսարանից: Գազային հսկան միայնակ չէ: Անցյալ տարի սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ պետական միջուկային էներգետիկ «Ռոսատոմը» կօգնի երկարացնել Հայաստանի ԱԷԿ-ի գործունեության ժամկետը, «Ռուսական երկաթուղին» 500 մլն կներդնի երկրի երկաթգծի արդիականացմանը:
Տարածաշրջանի քաղաքական գործիչները չեն ընդունում ենթադրությունն այն մասին, թե իրենց ստիպում են մասնակցել Մոսկվայի նախագծին: Արեւմտյան փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ Աստանայում կնքված պայմանագիրն իսկապես տնտեսական է: Այն քաղաքական կամ սոցիալական քաղաքականությանը չի անդրադառնում: Յուրաքանչյուր անդամ երկիր ունի վետոյի իրավունք:
Այնուամենայնիվ, անհնար է ազատվել Ռուսաստանի հետ միության խորհրդանշանական լինելուց: Նույնիսկ եթե միությունը տնտեսական է, Ղազախստանում պաշտոնյաները խոստովանում են, որ Ռուսաստանի հետ ինտեգրացման համար ավելի վատ ժամանակ հնարավոր չէր ընտրել: Ռուսաստանի էկոմիկային անկում է սպառնում արեւմտյան պատժամիջոցների ներքո:
Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրները միշտ կարիք են ունեցել հավասարակշել մեծ տերությունների շահերը: Ոմանց համար խնդիրը շահավետ էր, երբ նրանք խաղում էին Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի մրցող շահերով: Ղազախստանը հպարտանում էր իր «բազմավեկտորությամբ», Հայաստանն իր «կոմպլեմենտարությամբ»: Սակայն նրանց ընտրությունը սահմանափակ է: Որքան Ռուսաստանը մեկուսանում է արեւմուտքից, այնքան նրա հարեւանները ստիպված են լինում կողմնորոշվել:




























