Չնայած երկու կողմից բարբարոսության մեջ մեղադրանքներին՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը «քաղաքակրթությունների բախում չէ», կարծում է մարդաբանության պրոֆեսոր Ադամ Սմիթը: Նա վերջին 15 տարվա ընթացքում ուսումնասիրել է հնագույն քաղաքակրթությունները, որոնք անսովոր հայացք են հաղորդում արդի հակամարտությանը: Այս մասին գրում է «Cornell Chronicle»-ը:

Սմիթի խոսքով՝ Ասիայի հարավ-արեւմուտքում բրոնզե դարի սկզբին սոցիալական երկու փորձեր փոխեցին մարդկային քաղաքակրթությունը: Միջագետքում հայտնվեցին թագավորներ, նրանց հեղինակությունն ամրապնդվում էր առեւտրական ճանապարհների ընդարձակմամբ, սուվերեն տարբերության գաղափարախոսությամբ: Խիտ բնակչությամբ քաղաքները  վերածվում էին վարչական, մշակութային կրոնական կենտրոնների: Միջագետքի առաջին քաղաքների արքաները պատերազմներ էին վարում իրենց մրցակիցների դեմ, պաշտպանում էին սոցիալ-տնտեսական անհավասարությունը:

Երբ Միջագետքում ուրբանիզացումն արագացավ, Հարավային Կովկասում հակահեղափոխություն սկսվեց: Հայաստանի կենտրոնում մ.թ.ա. 3500-3000թթ. ընթացքում փոքր էգալիտար գյուղեր ձեւավորվեցին՝ որպես Կուր-արաքսյան մշակույթի կրողներ: Սմիթի խոսքով՝ կուր-արաքսյան աշխարհում անհավասարությունը հիմնականում արգելված էր: Գրեթե ոչ մի ապացույց չի հայտնաբերվել երկու մշակույթների փոխազդեցության վերաբերյալ:

Սմիթը կարծում է, որ հենց սա է քաղաքակրթությունների բախման իմաստը. «Երկու աշխարհներ ձեւավորվել են արմատական տարբեր սոցիալական հարաբերությունների, քաղաքական կարգերի եւ մշակութային արժեքների հիման վրա: Քաղաքակրթությունների բախումը չի նշանակում պատերազմ, քանի որ պատերազմը ենթադրում է՝ երկու կողմերը ինչ-որ արժեքի շուրջ համանման կարծիք ունեն, նրանք վիճարկում են դրա նկատմամբ իրենց իրավունքը: Եթե Արեւելքն ու Արեւմուտքը պայքարում են Ղրիմի կամ Արեւելյան Ուկրաինայի համար, ապա դա տեղի է ունենում նավահանգիստների, ինչպես օրինակ Սեւաստոպոլն է, աշխարհաքաղաքական արժեքնեի վերաբերյալ միեւնույն կարծիքների պատճառով»:

Եզրափակելով՝ Սմիթը նշել է, որ բրոնզի դարը մեզ ուսուցանում ՝ քաղաքակրթություններն իրականում մրցակցության պատճառով չէ, որ անկում են ապրում. «Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար վատագույնմ է թույլ տալ աշխարհաքաղաքական վեճին վերածվել տարանջատման, որն իսկական քաղաքակրթական խզում է նշանակում»: