Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը։
«Իրանական միջուկային ծրագրի մասին բոլորին է հայտնի։ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը ընդհուպ մինչեւ 20 տոկոս»,- հունիսի 3-ին հայտարարել է Նեստերենկոն, հայտնում է Ռիա Նովոստին։

Նեստերենկոն հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է ՄԱԳԱՏԷ-ի՝ իրանական միջուկային ծրագրի հստակեցման հետ կապված գործունեությանը։

Նա հիշեցրել է, որ օրերս հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի՝ իրանական միջուկային ծրագրի հերթական զեկույցը, որը, սակայն, նախատեսված չէ լայն տարածման համար եւ կքննարկվի ՄԱԳԱՏԷ-ի՝ հունիսի 7-ի նիստին։

Ուրանի փոխանակման մասին եռակողմ պայմանավորվածությունը Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ ձեռք էր բերվել մայիսի 17-ին։ Փոխանակումը, համաձայն փաստաթղթի, պետք է իրականացվի Թուրքիայի տարածքում։ Պայմանագրի շրջանակներում Իրանը պատրաստ է Թուրքիա ուղարկել մինչեւ 3,5 տոկոս հարստացված 1200 կգ ուրան, որպեսզի փոխարենը ստանա մինչեւ 20 տոկոս հարստացված 120 կգ միջուկային վառելիք։