Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում միկրոավտոբուսի և մարդատար գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, իսկ միկրոավտոբուսի ևս մեկ ուղևոր վնասվածքներ է ստացել, հայտնում է Հեռավորարևելյան երկաթուղու մամուլի ծառայությունը։

Երկաթուղային ընկերության նախնական տվյալներով՝ վարորդը լուսացույցի արգելող ազդանշանի տակ դուրս է եկել երկաթուղային գծանց՝ մոտեցող գնացքի առջև։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:02-ին, Նիկոլաևկա–Դեժնյովկա հատվածում։ Միկրոավտոբուսը դուրս է եկել գծերի վրա Խաբարովսկից Բլագովեշչենսկ ընթացող թիվ 35 մարդատար գնացքի առջև։

Մեքենավարը կիրառել է վթարային արգելակում, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության խմբերը։

Գնացքի ուղևորներն ու լոկոմոտիվային բրիգադի անդամները չեն տուժել, վագոնները ռելսերից դուրս չեն եկել։ Վթարից 37 րոպե անց գնացքը շարունակել է ընթանալ նախատեսված երթուղով։

Հեռավորարևելյան երկաթուղին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վարորդներին հորդորել երկաթուղային գծերը հատելիս խստորեն պահպանել երթևեկության կանոնները։