Հունիսի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:
Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ 2 ամսով կալանել է 19-ամյա երիտասարդին: Դավիթ Քիրամիջյանի փաստաբանների պահանջները՝ մերժել ՀՔԾ միջնորդությունը կամ գրավ կիրառել որպես խափանման միջոց, մերժվել են դատարանի կողմից: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթ թղթակից Անի Գեւորգյանի եւ նրա եղբոր՝ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությամբ չբացակայելը: Անի Գեւորգյանը ձերբակալվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու, իսկ Սարգիս Գեւորգյանը՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Երիտասարդները բերման էին ենթարկվել Ազատության հրապարակից մայիսի 31-ին Ազատության հրապարակի մերձակայքից: ՀԱԿ ակտիվիստները մայիսի 28-ից բողոքի գործողություններ են անցկացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերականգնել «Ա1+»-ի հեռաձակումը:



























