Ռուս-թուրքական մերձեցումը նոր գործընթաց չէ, եւ վերջին ժամանակներս, Ռուսաստանի կողմից տարածաշրջանի հաշվեկշռի խախտման վտանգավոր տենդենց է նախատեսվում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար։ NEWS.am-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
Ըստ նրա, ռուս-թուրքական մերձեցման գործընթացը ավելի նկատելի էր 2008թ-ն, երբ երկրների միջեւ ստորագրվեցին տարբեր համաձայնագրեր, կազմակերպվեցին փոխադարձ այցեր, հայտարարություններ եղան, որոնք ոտնահարել են հայկական կողմի շահերը, եւ որոնց Հայաստանի ղեկավարության կողմից չի տրվել պատշաճ պատասխան։ Հայկական կողմը չի նախազգուշացրել իր «ավագ ռազմավարական գորընկերոջը, որ մեր բացակայության դեպքում չարժե քննարկել որեւէ հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են մեզ»։
Փորձագետը հիշեցրել է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության ու ռազմավարական գործընկերության առնչությամբ 2008 թ-ն ստորագրած հռչակագրի մասին. «Այն ժամանակ Ռուսաստանը ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրան խոստացավ գործադրել իր բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույտ կարգավորման համար, եթե Ադրբեջանը համաձայնվի չսպասարկել „Նաբուկկո“ նախագիծը, որը այն ժամանակ դեռ նախագծվում էր։ Դրանով իսկ Ռուսաստանը խախտեց հաշվեկշիռը՝ վնասելով Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»։
Այն հարցին, թե կարո՞ղ ենք արդյոք համարել, որ Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը ընդամենը տարածաշրջանում իր դիրքերը ամրակայելու առիթ եւ իր տեսակի մեջ ամերիկայի դեմ քայլ է, Սաֆարյանը պատասխանել է. «Սա Ռուսաստանի համար եւ առիթ է եւ նպատակ։ Այս քաղաքականությանը հիմք դրեց դեռ նախագահ Պուտինը, որը կարծում է, թե գազը իր քաղաքականության մեջ ամենամեծ զենքն է, եւ իր այդ գործիքով Ռուսաստանը կարող է ոչ միայն պահպանել տարածաշրջանում իր ազդեցությունը, այլեւ նվաճել նոր տարածքներ»,- ընդգծեց Սաֆարյանը։
Հիշյալ բոլոր հայտարարություններին ի պատասխան հայկական կողմի լռությունն ու համապատասխան հակազդեցության բացակայությունը, փորձագետի կարծիքով, հրահրել է Ռուսաստանին փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։




























