Անկարայում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ եւ այլ ոլորտների վերաբերյալ ավելի քան 15 համաձայնագիր ստորագրվեց։ Համաձայնագրերի ստորագրությանը մասնակցեց նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Կնքված համաձայնագրերից մեկով իտալական ընկերություններից նույնպես կմասնակցեն Սամսուն- Ջեյհան նավթամուղի նախագծի իրականացմանը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագրերը վերաբերվում են ատոմային էներգետիկայի բնագավառում խաղաղ նպատակներով համագործակցությանը, մաքսային ձեւակերպումների պարզեցմանը, «Երկնագույն հոսքին», Սամսուն-Ջեյհան նավթամուղին, երկու երկրների միջեւ արտաքին առեւտրի մեծացմանը եւ այլն։

Մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշեց, որ «Երկնագույն հոսք» եւ «Նաբուկո» նախագծերը իրար մրցակից չեն։

Թուրքիայի վարչապետ Էրդողանը իր խոսքում նշեց, որ ինքը Պուտինին առաջարկել է Ռուսաստանում բացել թուրքական քոլեջ եւ ռուս-թուրքական համալսարան, ինչը արժանացել է Պուտինի հավանությանը։

Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք երկու երկրների միջեւ կայացած համաձայնագրերը հույս տալիս են տարածաշրջանի խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Այս հարցին պատասխանեց միայն ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Նա նշեց, որ իրենք աջակցում են Կիպրոսի խնդրի կարգավորմանը եւ այսուհետ նույնպես կղզու երկու մասերի հետ (թուրքական եւ հունական) կշարունակեն զարգացնել տնտեսական հարաբերությունները։ Իսկ Ղարաբաղյան խնդրի հետ կապված Պուտինը ասաց. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը ՌԴ նախագահ Մեդվեդեւն է մասնակցում։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կովկասյան տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չենք ցանկանում։ Հակամարտության առկայությունը տարածաշրջանի երկրների վրա էլ է ազդեցություն ունենում։ Դրանց փոխզիջման ճանապարհով կարգավորմանը կարող ենք աջակցել":