Հայաստանում ճանապարհային տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերին, նա մասնավորապես նշել է հետեւյալը.
«Այս գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում: Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա:
1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերեզանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետեւյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատեւման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում:
2. ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը: Ավելին` ստացված միջոցները, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, պետք է ծառայեն բացառապես հանրությանը, մասնավորապես` ապահովեն ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացումը:
3. Փողոցային կայանումը պետք է բացառապես Երեւանի քաղաքապետարանի գործը լինի, եւ բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով: Ի դեպ, շատ եվրոպական քաղաքներում այդ միջոցները ծախսվում են հենց քաղաքացիների հարմարավետության մակարդակի բարձրացման վրա` բարեկարգվում են փողոցները, պուրակները, կառուցվում են նոր քաղաքային կայանատեղիներ եւ այլն: Օպերատորը հավաքված գումարից կարող է ընդամենը մի փոքր տոկոս ստանալ՝ կառավարման համար:
Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում եւ, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որեւէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը եւ քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային եւ մասնավոր գործընկերության բուն բանաձեւը՝ տուգանքների չափից մինչեւ դրանց բաշխման կարգը: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը: Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որեւէ գերմանական քաղաքից:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























