Հայաստանի ու Վրաստանի միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը  շարունակում է մտահոգությունների տեղիք տալ, ընդ որում՝ ոչ միայն Վրաստանում, այլեւ Ադրբեջանում:

Այս հարցով մտահոգ Vesti.Az-ի թղթակիցը բացատրություն է խնդրել «Ազատ գոտի» ՀԿ-ի  նախագահ Գելա Վասաձեից:

«Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ համաձայնագիր են ստորագրել  Մայա Փանջիկիձեն եւ Էդվարդ Նալբանդյանը: Բայց այստեղ իրականում ոչ թե մեկ, այլ մի քանի խնդիր կա, ընդ որում՝ դրանք ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Բաքվի խնդիրներն են: Եվ տվյալ փաստը չի կարող մտահոգի չլինել: Մեզ փորձում են հանգստացնել, թե իբր խոսքը քրեական տարրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին է: Սակայն չմոռանանք, որ Վրաստանում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները հենց ներքին գործերի նախարարության կազմի մեջ են մտնում: Այդպիսով, տվյալ պայմանագիրը միանգամայն կարող է ապակայունացնող գործոն դառնալ ինչպես Թբիլիսիի եւ Բաքվի, այնպես էլ Թբիլիսիի եւ Բրյուսելի հարաբերությունների միջեւ», - կարծում է վրացի քաղաքագետը:

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ վերջերս ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե նորից Ռուսաստանին հավանական հակառակորդ է համարում: Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Բաքվում, արդեն նաեւ՝ Թբիլիսիում, մինչ այժմ շարունակում են լրջորեն կարծել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարելի է պայմանավորվել:  Իբր, եթե չբարկացնեն Կրեմլին, ապա այն չի սպառնա Ադրբեջանի եւ Վրաստանի պետականությանը, եւ նույնիսկ, հնարավոր է,  երբեւէ կօգնի վերադարձնել տարածքները: «Դա բացարձակ այդպես չէ: Կրեմլը միշտ կփորձի Վրաստանը եւ Ադրբեջանն իր վերահսկողության տակ պահել, եւ Ադրբեջանի կողմից Կրեմլին արված ցանկացած զիջում, նույնիսկ ուղղակիորեն Վրաստանին չվերաբերող, հարված է Վրաստանին, ինչպես որ Թբիլիսիի զիջումները Կրեմլին՝ հարված Ադրբեջանին: Դա այդպես է ոչ թե, որ ինչ-որ մեկը վատն է կամ ինչ-որ մեկը լավը: Այդպիսին է իրականությունը», - ասել է Գ. Վասաձեն:

Միեւնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Թբիլիսին Երեւանին (Մոսկվային) Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու Բաքվի ծրագրերի մասին տեղեկություն հաղորդել, զրուցակիցը ժխտողական է պատասխանել, «քանի որ Թբիլիսին նման  ծրագրեր  չի կարող ունենալ»: