Այսօր ՄԱԿ-ը պաշտոնապես տարածել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այն հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Գլխավոր ասամբլեային եւ Անվտանգության խորհրդին: Իր նամակում Նազարյանը մասնավորապես ընդգծել է, որ ԼՂՀ-ում ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին փաստում են նաեւ տարբեր երկրների անկախ դիտորդների գնահատականները:
Նազարյանը գրել է, որ Ադրբեջանի քարոզչամեքենան տարածել է այլ նամակներ, մամուլի հաղորդագրություններ եւ հոդվածներ՝ առաջ բերելով չհիմնավորված եւ վտանգավոր մեղադրանքներ հայկական կողմի հասցեին, դրանով իսկ նպատակ ունենալով անվանարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող կարեւոր ժողովրդավարական գործընթացները:
Ի հեճուկս ադրբեջանական քարոզչության հորինվածքների, Հայաստանի դեսպանը իր նամակում նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի համազգային, ազատ եւ արդար ընտրություններրի արդյունքում, երկրում ստեղծվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություն, գործող կառավարություն, ընտրված խորհրդարան, անկախ դատական համակարգ եւ քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկամամբ:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական հիմնարար արժեքներին դրսեւորվում է ընթացող քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության բարձր մակարդակի մասնակցությամբ:
Նրա խոսքով, Արցախի ժողովրդի անբաժանելի իրավունքի ճանաչումը ընկած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկություններում, որի հիման վրա էլ ներկայումս ընթանում են բանակցությունները:
Դեսպան Նազարյանը նաեւ նշել է, որ «միջազգային հանրությունը, եւ մասնավորապես ՝ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ավելի հետաքրքված լինեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ փոխգործակցելու մեջ՝ հաշվի առնելով այն փաստը, որ դա նախատեսված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի վեհաժողովի մանդատով: Բացի այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ անհրաժեշտ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո փորձի կազմակերպել իր ժողովրդի կյանքը՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»:
Նամակում նաեւ նշվում է, որ մայիսի 23-ին կայացած ընտրությունները փաստում են Արցախի ժողովրդի եւ իշխանության նվիրվածությունը ժողովրդավարության եւ օրենքի ամրակայմանը: Այս ընտրությունների միջոցով ԼՂՀ քաղաքացիները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց վճռականությունը ապրել ազատության եւ անկախության պայմաններում:


























