«Դուք բոլորդ լսեցիք, թե ինչ ասացին այս կոնֆերանսում մեր ռուս ընկերները, հայտարարելով, որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ բոլոր խնդիրները պետք է գտնեն իրենց լուծումը»,- այսպես մեկնաբանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Ղարաբաղ անունով պետական միավոր չի ճանաչում եւ հետագայում էլ չի ճանաչելու:

«Անկախ նրանից, թե ով ինչ է ասում, մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Ղարաբաղը չի կարող առեւտրի առարկա դառնալ: Մենք դրա համար ամեն բան անում ենք: Մենք միշտ պաշտպանելու ենք Ղարաբաղը»,- հայտարարեց նա:

Նշենք, որ Սերգեյ Միրոնովը  Բաքվում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Ռուսաստանը չի ճանաչում, Լեռնային Ղարաբաղ անունով որեւէ պետական կազմավորում, եւ չի պատրաստվում ճանաչել այն: Իսկ ռուս խորհրդարանականների այցելությունը Ղարաբաղ ինքնագործունեության արդյունք է»: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում մայիսի 23-ին կայացած ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ռուս պատգամավորները Ադրբեջանում հայտարարեվել են «անցանկալի անձեր»: