Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունեց 2015 ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների եւ այլ հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որն իր մեջ ներառում է Միացյալ Նահանգների տնտեսական, մարդասիրական եւ ռազմական օգնությունը Հարավային Կովկասին,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսավորման չափերը չէին նախանշվել օրինագծում:

Ներկայացուցիչների պալատի օրինագիծը նման էր Սենատի տարբերակին, որն հաստատվել էր անցած շաբաթ: Երկու օրինագծերն էլ պահպանել են Ազատության ակտի 907-րդ ուղղումը` վերահաստատելով հումանիտար եւ այլ աջակցությունների վեց ավանդական բացառությունները Ադրբեջանին: 907-րդ ուղղումը հաստատվել է 1992թ. եւ պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «զգալի քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ բոլոր շրջափակումների վերացման եւ ուժի այլ կիրառումների դադարեցման ուղղությամբ»:

Այնուամենայնիվ, Սենատի զեկույցը, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, հատկապես կարեւորեց Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսավորումը: Սենատի զեկույցում ասվում է. «Հանձնաժողովը առաջարկում է նախորդ տարիների գումարի չափով օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին, ինչպես նաեւ հակամարտությանն առնչվող ընթացիկ կարիքների համար»:

«Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակական օգնության տրամադրումը կարեւորագույն առաջնահերթություններից է», - Համագումարին հայտնեց սենատոր Մարկ Քիրքը, ով Սենատի Հատկացումների հանձնաժողովի անդամ է: Մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի օրինագիծը` Հատկացումների հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը Համագումարին հայտնեց. «Ես հիասթափված եմ, քանի որ մենք չկարողացանք համաձայնության հասնել`ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար օգնության կարիքը: Մենք պետք է շարունակենք պայքարել այս աջակցության համար, քանի որ սույն օրինագիծը ընթանում է օրենսդրական գործընթացով` ապահովելով լավագույն հնարավոր արդյունքը մեր դաշնակիցներ Հայաստանի եւ Լեռանային Ղարաբաղի համար: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ շարունակական հարձակումները, այս օգնությունը բացարձակ անհրաժեշտ է տարածաշրջանում ազատության, բարգավաճման եւ ինքնորոշման համար»:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի 2015 ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերից յուրաքանչյուրը կազմել է մոտավորապես 48 մլրդ ԱՄՆ դոլար, որը մոտ 700 մլն-ով պակաս է 2014 ֆինանսական տարվա սահմանված մակարդակից, եւ 280 մլն-ով պակաս` 2015 ֆինանսական տարվա համար Նախագահի պահանջվածից:

Վարչակազմի բյուջեն նախատեսում է անում տրամադրել 1.7 միլիոն ԱՄՆ դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) եւ 600.000 ԱՄՆ դոլար` Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման (IMET) համար: Այս գումարը 1 մլն ԱՄՆ դոլարով պակաս է անցած տարվա բյուջեի պահանջից Արտաքին ռազմական ֆինանսավորման համար, սակայն Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման համար ֆինանսավորումը կայուն է անցած տարիների հետ համեմատ եւ պահպանված է ռազմական փոխադարձությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Ի հավելում Արտաքին ռազմական ֆինանսավորման եւ Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման օգնության, Վարչակազմի 2015 ֆինանսական տարվա բյուջեն նաեւ առաջարկել է, որ Հայաստանը ստանա 20.7 մլն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության ֆոնդերի համար (համեմատած 24.7 մլն ԱՄՆ դոլարի 2014 ֆինանսական տարվա պահանջի) եւ 1.7 մլն ԱՄՆ դոլար Թմրանյութերի միջազգային շրջանառության վերահսկման եւ օրենքի գերակայության ապահովման համար (համեմատած  2.8 մլն ԱՄՆ դոլարի 2014 ֆինանսական տարվա պահանջի): Վարչակազմը նաեւ զրոյացրել է առողջապահության ոլորտում տրվող օգնությունը: Ընդհանուր առմամբ, 2015 ֆինանսական տարվա բյուջեն տրամադրում է Միացյալ Նահանգների կողմից 24.7 մլն ԱՄՆ դոլար օգնություն Հայաստանին, որը 6.143 մլն ԱՄՆ դոլարով պակաս է Վարչակազմի 2014 ֆինանսական տարվա բյուջեի` 30.843 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

Այս տարվա սկզբին Համագումարը Ներկայացուցիչների Պալատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարության մեջ կարեւորեց Միացյալ Նահանգների կողմից Արցախին, ինչպես նաեւ Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, եւ խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը Սիրիայում բնակվող հայերին եւ նրանց, ովքեր արտագաղթում են Սիրիայից: Բացի այդ, Համագումարը մատնանշեց նաեւ, որ անհասկանալի էր ներման շնորհումը ադրբեջանցի սպային, ով դաժանորեն սպանել էր հայ սպային ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների ժամանակ, եւ կոչ արեց, որ ենթահանձնաժողովը դադարեցնի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին:

«Հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի` Հայաստանի շարունակական շրջափակումը եւ Ադրբեջանից աճող անվտանգության սպառնալիքները զուգորդված ադրբեջանցի մարդասպանին անբացատրելի ներման շնորհումով, ինչպես նաեւ մյուս տարածաշրջանային զարգացումները, Համագումարը կոչ է անում Կոնգրեսին ապահովել կայուն օգնություն Հայաստանին եւ Արցախին»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Ավելին, Սիրիայում եւ Իրաքում վերջին զարգացումների հետ կապված` Համագումարը կոչ է անում Կոնգրեսին անհապաղ քայլեր ձեռնարկել` տեղի քրիստոնյա հայ համայնքնին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով»:

Այն բանից հետո, երբ նախագծերը կանցնեն համապատասխան բաժինների քննությունը, օրենսդրական գործընթացում հաջորդ քայլը կլինի Հատկացումների քննարկման հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի անդամները նախքան օրինագծի` Նախագահի վավերացմանն ուղարկելը, կներդաշնակեցնեն Ներկայացուցիչների Պալատի եւ Սենատի ներկայացրած տարբերակներում առկա տարբերությունները: