NEWS.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ հարցազրույցը:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի առաջիկա անդամակցության համատեքստում ինչպիսի՞ն են Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի տնտեսական համագործակցության հեռանկարները:
Մենք հույս ունեինք, որ Հայաստանը կստորագրի Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, եւ այդ խթան կհանդիսանա Մեծ Բրիտանիայի եւ ընդհանրապես Եվրոպայի բիզնեսի համար: Սակայն ես կարծում եմ, որ գործարարները հնարավորություններ են փնտրում ցանկացած իրավիճակներում: Հնարավոր է՝ բրիտանական գործարարները կարողանան Հայաստանն օգտագործել որպես բազա՝ հետագայում Եվրասիական միություն արտահանման համար: Համենայն դեպս, դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող բրիտանա-հայկական մեկ ընկերություն գիտեմ, որը կարող է օգուտ քաղել Եվրասիական միությունից: Գործարարներն ավելի լայն հնարավորություններ են փնտրում, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավում: Բարեփոխումները, որոնք Հայաստանը վերջին մի քանի տարիներին իրականացրել է Ազատ առեւտրի գոտու պայմանագրի ստորագրմանը նախապատրաստվելիս, իսկապես օգտակար են գործարար միջավայրի բարելավման համար: Եթե Հայաստանը շարունակի տնտեսական այդ բարեփոխումները՝ լինելով Եվրասիական միության անդամ, ես մեծ հույսեր ունեմ, որ հետաքրքրվածություն կլինի բրիտանական բիզնեսի կողմից:
Ինչպե՞ս է Մեծ Բրիտանիայի կառավարությունը գնահատում «Արեւելյան գործընկերության» ծրագիրը։ Համաձա՞յն եք այն փորձագետների հետ, ովքեր կարծում են, որ ծրագիրը ձախողվել է:
Ես դա ձախողում չէի անվանի, քանի որ վեց երկրներից երեքը ստորագրել են Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը։ «Արեւելյան գործընկերության» նպատակը վեց երկրների հարաբերությունների ակտիվությունն է Եվրամիության հետ։ Ես կարծում եմ, որ վեցին էլ հաջողվել է այդ, բայց՝ տարբեր կերպ։ Սակայն այժմ շատ կարեւոր է համոզվել, որ «Արեւելյան գործընկերությունը» կարող է հարմարվել տարբեր իրավիճակներին, եւ Հայաստանի նման երկրներին, որոնք այլ ընտրություն են կատարել, առաջարկել համապատասխան հարաբերություններ։
Կարելի՞ է, արդյոք, մոտ ապագայում Երեւան-Լոնդոն ուղիղ չվերթներ ակնկալել։
Ինքներդ էլ հասկանում եք, որ ես անձամբ հետաքրքրված եմ այդ հարցով։ Այս պահին ինձ ոչինչ հայտնի չէ կոնկրետ ծրագրերի մասին։ Կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարության ընդունած բաց երկնքի քաղաքականությունը միանգամայն ճիշտ քայլ էր։ Մենք տեսնում ենք, որ գները նվազում են, թռիչքներն ու նոր ավիաուղիները՝ ավելանում։ Այժմ նոր ավիաուղիների համար առավել վստահ կարելի է գրավիչ առաջարկություններ անել, եւ ես հույս ունեմ, որ կլինի ընկերություն, որը հետաքրքրված կլինի Երեւան-Լոնդոն չվերթների իրականացմամբ։
Վրաստանում բրիտանական ընկերությունները կենտրոնացած են BP-ի շուրջ։ Ի՞նչը կարող է Հայաստանում բրիտանական ընկերությունների համար ձգողականության կենտրոն դառնալ։
Կարծում եմ, որ մենք արդեն մեկն ունենք եւ այդ HSBC-ն է՝ ֆինանսական ոլորտում։ Այդ ընկերությունն առաջինն է եւ մնում է Հայաստանում բրիտանական ամենախոշոր ներդրումը՝ օգնելով տարածաշրջանում չափանիշներ սահմանել բանկային եւ ֆինանսական ծառայությունների համար։ Կան նաեւ բրիտանական այլ ընկերություններ, ինչպիսին է, օրինակ, «Ernst & Young»-ը։ Իհարկե, բրիտանական «Lydian International» լեռնահանքային ընկերությունը ծրագրում է 300 միլիոն ներդրում կատարել եւ դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն, ինչը, անկասկած, ավելի շատ հնարավորություններ կառաջարկի տեղական բիզնեսին ու բրիտանական ընկերություններին: Եվս մեկ ոլորտ է մանրածախ առեւտուրը: Հայաստանի շուկայում շատ կան բրիտանական ապրանքանիշեր եւ այս ոլորտը մեծ ներուժ ունի։ Վերջապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Համենայն դեպս, հայ-բրիտանական մեկնարկային մեկ ընկերություն կա: Այդ այն բնագավառներից է, որտեղ մենք պետք է շարունակենք տարբեր ուղիներ փնտրել:
Փետրվարին բրիտանական խորհրդարանում բանավեճեր անցկացվեցին ղարաբաղյան հակամարտության շուրջ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Մարկ Սիմոնդսը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ջանքերին: Արդյո՞ք կարծում եք, որ հակամարտության կարգավորման իրական հեռանկարներ կան:
Վերջերս լրացավ հրադադարի հաստատման 20-ամյակը: Այդ հիշեցում է այն մասին, որ ժամանակը չի լուծում հակամարտությունները, այդ անում են կամքն ու վճռականությունը: Դրական փաստ է անցյալ տարվա նոյեմբերին նախագահների հանդիպումը: Ես նաեւ հույս ունեմ, որ կողմերը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը:
Սակայն ես շարունակում եմ անհանգստանալ հրադադարի ռեժիմի խախտման, դիպուկահարների կրակոցների արդյունքում մահվան դեպքերի թվի կապակցությամբ՝ ներառյալ Նախիջեւանի սահմանը, որտեղ նախկինում նման դեպքեր չեն եղել: Ես գիտեմ, որ մեր ադրբեջանցի գործընկերների ձերբակալություններ եւ նրանց վրա ճնշումների դեպքեր են եղել, որոնց հետ մենք բազմաթիվ տարիներ աշխատել ենք քաղաքացիական հասարակության տարբեր ծրագրերի ուղղությամբ: Այդ ծրագրերը շատ կարեւոր են՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հայերի եւ ադրբեջանցիների սերունդ է մեծանում, ովքեր հնարավորություն չեն ունեցել այլ իրավիճակներում հանդիպել: Իսկ, որ ավելի կարեւոր է, հարկավոր է շարունակել աշխատել եւ երկու երկրների հասարակություններին խաղաղության պատրաստել, խոսել այն մասին, թե ինչպիսի տեսք կունենա վերջնական խաղաղ համաձայնագիրը: Այն, անկասկած, ցավագին փոխզիջումներ է ներառելու երկու կողմերի համար էլ:
Այս տարվա սեպտեմբերին Շոտլանդիայում անկախության հանրաքվե է անցկացվելու: Ի՞նչ ակնկալիքներ ունի բրիտանական կառավարությունն այդ հանրաքվեից:
Բրիտանական կառավարությունը չեզոք դիրքորոշում է զբաղեցնում: Մենք կարծում ենք, որ Մեծ Բրիտանիայի համար լավագույն տարբերակը միասին լինելն է: Նաեւ կարծում ենք, որ Շոտլանդիայի համար բազմաթիվ դրական հանգամանքներ կան Մեծ Բրիտանիայի կազմում մնալու համար: Մենք ձգտում ենք Շոտլանդիայի ժողովրդին դրական փաստարկներ առաջադրել տնտեսության եւ արտաքին քաղաքականության իմաստով. միավորման դրական կողմերը: Հույս ունենք, որ Շոտլանդիայի բնակիչները կծանոթանան վերլուծություններին եւ, ի վերջո, սեփական որոշումը կկայացնեն:
Զրուցեց՝ Աննա Ղազարյանը




























