Քաղաքականությունում ինչպես խոհանոցում անհրաժեշտ է հմտություն, որպեսզի քաղաքական գործընթացներում համեմունքի չափաբաժինների ճիշտ համադրությամբ ստացվի ուտեստ, որը հաճո է հասարակությանը: Արդոք Հայաստանի ներքաղաքական խոհանոցի խոհարարները տիրապետում են այդ հմտություններին: Այդ եւ քաղաքական խոհանոցի այլ նրբությունների մասին NEWS.am-ը զրուցեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

Պարոն Վարդանյան, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է Հայաստանի ներքաղաքական խոհանոցը, ի՞նչ համեմունքների համադրություն է այն:

Ներկայիս Հայաստանում բոլոր չափաբաժինները խառնված են. կծու, թթու, լեղի: Մեր խմբակցությունն է, որ որոշ համ է տալիս այդ խոհանոցին, բայց դա էլ քիչ է էլի:

Իսկ ի՞նչ համ է հաղորդում Ձեր խմբակցությունը:  

Դառնանուշ:

 Վերջերս խորհրդարանի խոհանոցում փոխվեց գլխավոր խոհարարը: Արդյոք գլխավոր խոհարարը կկարողանա՞ նվազեցնել Ձեր թվարկած համերի ազդեցությունը, կամ գոնե համադրել այդ համեմունքների չափաբաժինը եւ նոր համ ու հոտ տալ խոհանոցին` Ազգային Ժողովին:

Գիտեք, արհեսատական է գլխավոր խոհարարը, գլխավոր խոհանոցը…Կարծում եմ այստեղ որեւէ բան հնարավոր  չէ փոխել առկա տարբեր սննդամթերքներ տարբեր բաղադրիչբերի առկայությամբ, երբ  եփվող ճաշի բաղադրությունը խիստ միասեռ է, այդ միասեռության մեջ մեկ անձի փոփոխությունը ոչինչ չի փոխում: Այդ զանգվածն է միասեռ, բայց ոչ թե որպես առանձին-առանձին կտորներ, գուցե առանձին ամեն մեկն էլ իր համն ու հոտն ունի, բայց երբ այն դարձել է միասեռ` համն անհամացել է:

 Նշանակո՞ւմ է դա, որ խորհրդարանում հավաքված համերն ու համեմունքներն այդքան էլ համադրելի չեն:

Անշուշտ համադրելի չեն, եւ որեւէ գլխավոր խոհարարի փոփոխություն նման անհամատեղելի համերով դժվար թե կարողանա լավ ճաշ եփել:

Հայաստանի քաղաքական դաշտում, երկրի խորհրդարանում ի՞նչ տեսակի ուտեստ է պատրաստվում:

Խոհարարական արվեստն ունի իր ավանդույթները, մշակումները, փորձարարությունները երբ որ մարդիկ  գտնում են այն համադրելիությունները, որոնք հնարավոր է ուտելի դարձնել այդ կերակուրը: Այս պարագայում մենք դեռ չենք ձեւավորել այդ ավանդույթներն ու փորձարարությունները, մենք դեռ փնտրում ենք: Այդ ինչ առայժմ ստացել ենք, դեռ ուտելի չէ:

Հասարակությունը որքա՞ն երկար դեռ կարող է սնվել այդ ոչ ուտելի քաղաքական կերակուրով:

Այն, որ հասակարությունը գոհ չէ` ակնհայտ է: Բայց նույնպես ակնհայտ է, որ հասարկությունն ամեն անգամ ընտրությունների ժամանակ ինքն է այդ մթերքներն առաքում Ազգային ժողով ինչ ձեւերով ու մեթոդներով, դա էլ է պարզ: Բնական է` քանի դեռ հասարակությունում չկա այն կրիտիկական զանգվածը, որը կասի. «բավական է, այլեւս անհնար է այդպիսի սննդակարգով ապրել», բան չի փոխվի: Մենք, ցավոք, չենք կարող ասել, որ տասնյակ քաղաքացիներ կկարողանան փոխել Ձեր ասաց խոհանոցի սննդակարգը: Այդ իսկ պատճառով, բազմիցս ասել ենք, որ անհրաժեշտ է հասարակության հետ աշխատել, համախմբել, աշխուժացնել: Եթե համերն ու համեմունքները համեմատենք սկզբունքների եւ արժեքների, համակարգային մտածողության, արժեքային համակարգի հետ, եւ եթե հանրությունն ասի, որ այս արժեքն իր համար անընդունելի է, եւ չբերի քաղաքական խոհանոց, բնականավար վիճակը կփոխվի: Բայց դա մեկ օրվա բան չէ. մի կողմից փորձում ենք հանրության մեջ ակտիվ օջախներ ձեւավորել, մյուս կողմից մեր միասեռ զանգվածը նրան մղում է այլ ուղղությամբ` մի մասին մղելով Հայաստանից դուրս, մյուս մասն էլ կոտրելով, հիասթափեցնելով հենց Հայաստանի մեջ, ինչպես դա անում են Դեմ եմ շարժման մեջ:

 Ըստ Ձեզ,Ազգային ժողովի խոհանոցի ո՞ր մոդելն է կիրառելի մեզ համար:

Բնականաբար մենք պետք է ելնենք մեր ավանդույթներից, սովորույթներից, արժեքային համակարգից եւ դա ներդաշնակեցնենք աշխարհի լավագույն խոհանոցների փորձին: Մեր խոհանոցը պետք է փոխել` անցում կատարելով է խորհրդային կառավարման համակարգի, երբ խոհանոցի գլխավոր խոհարարը ոչ թե մեկն է, այլ նվագախմբի նմանությամբ աշխատում են բոլորը եւ յուրաքանչյուրն իր համն ու հոտը բերում է եւ որոշումները կայացվում են կոլեգիալ:

Զրուցեց Մարիա Ասատրյանը