Հայ-թուրքական գործընթացի ակտիվացում ամռան առաջիկա երկու ամիսների ընթացքում տեղի չի ունենա` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում արեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Առաջիկա ամիսներին Թուրքիան իր դիրքերը ամրապնդելու խնդիր կունենա հատկապես արաբական աշխարհում, այսինքն, թուրք-իսրայելական խնդիրը կլինի Թուրքիայի ուշադրության կենտրոնում: Գուցե, ինչ-որ պահից փորձ կարվի ուշադրությունը կրկրին շեղել դեպի Հարավային Կովկաս, բայց դա կպայմանավորվի որոշակի մարտավարական խնդիրներով»,- նշեց Մելիքյանը, միաժամանակ հավելելով, որ եթե Իսրայելի ուղղությամբ Թուրքիան հասնի որոշակի հաջողությունների, ապա այդ հաջողությունները կփորձի արձանագրել նաեւ Հարավային Կովկասում: «Բայց սա շատ լայն ծրագրի առկայություն է նախատեսում, եւ այս տեսանկյունից ես այս պահին նման ծրագիր Թուրքիայի մոտ չեմ տեսնում»,- նկատեց ԼՂ նախկին ԱԳ նախարարը` միաժամանակ ընդգծելով, որ այս պահին Թուրքիայի ուշադրության կենտրոնում բացառապես Իսրայելական խնդիրն է, չնայած սեպտեմբերին գուցե որոշակի ակտիվացում նկատվի նաեւ հայ-թուրքական գործընթացում:
Հարցին`Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանում հայտարարել է, թե Հայաստանն Անկարայից ակնկալում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական պատրաստակամություն: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը մտադիր է մինչեւ վերջ տանել հայ-թուրքական գործընթացը եւ չնայած հնչող կանխատեսումներին, չի պատրաստվում դուրս գալ գործընթացից` ԼՂ նախկին ԱԳ նախարարն արձագանքեց. «Քանի որ Հայաստանը իրականում արտաքին քաղաքականություն չի վարում որպես այդպիսին, հետեւաբար նաեւ ընթացող գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներին փորձում է ուշացումներով մասնակցել: Հայ-թուրքական մերձեցման գործընթացը քաղաքական առումով բավական հեռու անցյալ ունի: Թուրքիան շատ հստակ քաղաքականություն է վարում`փորձում է վերականգնել իր նախկին դերը, որն ուներ խորհրդային միության տարիներին: Եւ այսօր այդ դերը թե ԱՄՆ-ի, թե նախկին իր դաշնակիցների համար աստիճանաբար նվազում է: Եւ Թուրքիան ձգտելու է այդ պատճառով նոր դերակատարություն ստանձնել ու այդ նպատակով իր կշիռը բարձրացնել»:
Ըստ Մելիքյանի, Հայաստանի հետ սկսած գործընթացը եւս այդ նպատակն ունի, իսկ «Հայաստանը այդ առումով լավագույնս օգտագործվեց Թուրքիայի կողմից»: «Եւ եթե Հայաստանը շարունակի իր այս որակը պահել, ապա առաջիկայումս եւս կօգտագործվի Թուրքիայի կողմից` ակամա նպաստելով վերջինիս դերակատարության բարձրացմանը»,- կանխատեսեց Արման Մելիքյանը:



























