Գերմանիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ինչպես նաեւ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կառավարության, Գերմանիայի ԱԳՆ, Բեռլինի հայ համայնքի եւ հանրաճանաչ Ս. Բեխշտեյն դաշնամուր արտադրող ընկերության աջակցությամբ հունիսի 11-ին Բեռլինում Սաքսոնիա-Անհալտ երկրամասի ներկայացուցչության դահլիճում տեղի է ունեցել Երեւանից ժամանած «Կամերտոն» երիտասարդական նվագախմբի համերգը: Նվագախմբի անդամներ Սիպան Թորոյանը (թավջութակ), Արեւիկ Թորոսյանը (դաշնամուր), Ժորա Սարգսյանը (դաշնամուր), Արամ Պողոսյանը (սաքսոֆոն), Սպարտակ Մարգարյանը (դաշնամուր) եւ Սոնա Տերտերյանը (ջութակ) կատարեցին հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համերգի սկզբում երեկոյի մասնակիցներին եւ հայ երաժիշտներին ողջունել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, որից հետո նվագախմբի պատմությունը ներկայացրել է գերմանական «Եվրոկոն» ընկերության նախագահ Լյուդմիլա ֆոն Բերգը, որը աջակցում է նվագախմբի հյուրախաղերին Գերմանիայում: «Կամերտոնը» այս շաբաթվա ընթացքում համերգներով հանդես կգա Գերմանիայի այլ քաղաքներում` Լեյպցիգում եւ Վեյսենհազելում: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական եւ հասարակական գործիչներ, Գերմանիայում արտոնագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Բեռլինի երաժշտական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: