Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հունիսի 14-ին' երեկոյան 21-ին, Ծիծեռնակաբերդում' անմահ կրակի մոտ նախաձեռնել էր մոմավառություն' հավերժացնելու 1915 թ-ին Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ» հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20  նահատակ ղեկավարների անմահ հիշատակը:

Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի»  ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվանից, մոմավառությունը սկսվել է  ՍԴՀԿ մարտական քայլերգ հանդիսացող «Տուր Ձեռքդ ընկեր»  երգով, որից հետո  երիտասարդների համար բանախոսությամբ հանդես է եկել գրող եւ հրապարակախոս, ՍԴՀԿ անդամ Մանուել Ադամեանը (Լոնդոն):

Մանուել Ադամեանը դրվագներ է պատմել պատմական համարվող ՍԴՀԿ  7-րդ Քեոստենճեի համագումարից, հիշեցրել, որ առաջինը Քսան Հերոսներն էին, որ դարձան Ցեղասպանության առաջին գույժերը:

Բանախոսի ելույթից հետո կատարվել են ՍԴՀԿ հեղափոխական երգեր, որով եւ ավարտվել է հանդիսությունը: Այն շարունակվելու է այսօր` հունիսի 15-ին' Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում' «Քսաններ-քաղաքական դասեր» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին հաջորդելու է ծառատունկը  Ծիծեռնակաբերդում: