Հունիսի 14-ին աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեւի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծռայությունից, նախարարների հանդիպումը սկսվել է դեմ առ դեմ ձեւաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ:
Գրիգոլ Վաշաձեն բարձր է գնահատել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցությունը, եւ նշել, որ Վրաստանի իշխանությունները քաղաքական կամք ունեն առավել խորացնել եւ ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների միջեւ:
Երկուստեք արձանագրվել է, որ նախարարների պարբերակական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւողականորեն իրականացնել պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մշակել համագործակցության նոր ծրագրեր:
Բանակցությունների օրակարգում է եղել նաեւ հայ-վրացական սահմանազատման գործընթացը եւ այդ առումով երկու երկրների նախագահների հանձնարարականների կատարումը, ինչպես նաեւ սահմանակից բնակավայրերի քաղաքացիների տեղաշարժի դյուրացմանն առնչվող հարցեր:
Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ` հատկապես Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերի, եւ Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի հաջողության առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ դրական փորձառության շարունակությունը ապահովող քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ: Այս ենթատեքստում Գրիգոլ Վաշաձեն ներկայացրել է դրանց լուծմանն ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը` մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական ու մշակութային հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Հանդիպմանը հետեւել է Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:




























