Աշխատանքային այցելությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ` հունիսի 14-ին օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահի կողմից տրամադրված ուղղաթիռով մեկնել է Բաթում, ուր նրան ընդունել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին է փոխանցել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:

Միխեիլ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել  Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը: 

Նախագահ Սահակաշվիլին եւ նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տնտեսական համագործակցության  ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում արծարծվել են նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները: 

Միխեիլ Սաակաշվիլիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Վրաստանի նախագահը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Հունիսի 14-ի առավոտյան Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-վրացական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդել իր հանդիպումների մասին: Վիրահայության ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձել է Երեւան: