Երեկ` հունիսի 14-ին Ոստիկանության Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բաժին են հրավիրվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երեք ակտիվիստներ` մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ: Հրվիրվածներն են ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Սերգեյ Գասպարյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ նրանք հրավիրվել են ոստիկանություն, քանի որ նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Հրավիրված ընդդիմադիրները հրաժարվել են բացատրություն տալ:
Վլադիմիր Կարապետյանին, օրինակ, առաջարկվել է բացատրություն տալ մայիսի 31-ին իրեն վերագրվող ապօրինի կոչեր անելու, հանրահավաքի կամ ապօրինի զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ:
«Զանգվածային միջոցառման մասին խոսք լինել չի կարող»,- «Ազատությանն» ասել է Վ. Կարապետյանն ու հայտարարել, որ որեւէ բացատրություն չի տա, քանի դեռ մայիսի 29-ին եւ հաջորդած օրերին Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողություններին չի տրվել իրավական գնահատական: Այդ դեպքերի կապակցության նրա հաղորդումները Գլխավոր դատախազություն անպատասխան են մնացել:
ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Սերգեյ Գասպարյանը նույնպես հրաժարվել են բացատրություն տալուց: Նրանց մեղադրում են, թե հայհոյել են ոստիկաններին, մինչդեռ երիտասարդները պնդում են, որ չեն հայհոյել:
Հիշեցնենք, որ 18-ամյա Վահագն Գեւորգյանը անցած տարի քրեական պատասխանատվության (մեկ տարվա ազատազրկման) էր ենթարկվել Հյուսիսային պողոտայում իրավապահների հետ բախման արդյունքում, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ համաներում էր կիրառվել:




























