Վարչական դատարանը քիչ առաջ հրապարակված վճռով մերժել է Քաղբանտարկյաների եւ հալածյալների կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանի հայցը, որով նա վիճարկում էր Երեւանի քաղաքապետարանի որոշումը։ Այս մասին NEWS.am-ին քիչ առաջ հայտնեց Ռուբինյանը։

Քաղաքապետարանը, հիշեցնենք, ի գիտություն չէր ընդունել Կոմիտեի հայտը՝ հունիսի 18-ին ժամը 20։00-ից 20։30-ը Ազատության հրապարակում նստացույց անցկացնելու վերաբերյալ եւ բանավոր հայտնել էր, որ նույն օրը մինչեւ ժամը 21։30-ը Ազատության հրապարակում քաղաքապետարանի մշակույթի ու զբոսաշրջության վարչությունը երեխաների համար միջոցառումներ է անցկացնելու։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ հունիսի 18-ին Կոմիտեն, այնուամենայնիվ, նստացույց անցկացնի Ազատության հրապարակում՝ առանց քաղաքապետարանին իրազեկելու, Ռուբինյանն ասաց, թե այդ հարցը պետք է քննարկվի Կոմիտեի անդամների կողմից։ «Մանավանդ, որ օրենքը չի արգելում նման միջոցառում անցկացնելը եւ, ամենայն հավանականությամբ, նստացույց տեղի կունենա»,-նկատեց Ռուբինյանը։