Այսօր Ստամբուլում մեկնարկած թուրք ծովակալների նկատմամբ դատավարությանը Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները ցանկանում են մասնակցել` հայցվորի կարգավիճակով, ինչը նրանց հնարավորություն կտա ծանոթանալ գործին կցված փաստաթղթերին ու տեղ գտած բոլոր ապացույցներին։ Բանն այն է, որ ըստ այդ գործի նյութերի, պետական հեղաշրջում ենթադրող «Քաֆես» («Վանդակ)» կոչվող գործողությունների ծրագրի համաձայն, Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է հարձակումների թիրախ դառնային, ինչն էլ, իր հերթին, երկրում քաոսային իրավիճակի կհանգեցներ` բավարար պայմաններ ստեղծելով քաղաքական կյանքին բանակի միջամտության համար։
65 էջանոց մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ հարձակումների հիմնական թիրախների թվում են եղել նաեւ «Ակոս»-ի խմբագրակազմն ու թերթի մշտական ընթերցողները։ Քննիչները մեղադրյալի աթոռին հայտնված սպաներից մեկի համակարգչում հայտնաբերել են նաեւ «Ակոս»-ի բաժանորդների ցանկը։ Ենթադրաբար, «Ակոս»-ի մշտական ընթերցողներին պետք է սպառնալից բնույթի նամակներ ուղարկվեին։ «Ակոս»-ի փոխխմբագիր Սարգիս Սերոբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ հենց այս բացահայտումն էր, որ ստիպել է «Ակոսի» փաստաբան Ֆեթհիե Չեթինին ակտիվ գործողությունների դիմել։ «Չեթինն աշխատում է, որպեսզի այդ ցանկում տեղ գտած անձանցից գոնե մի քանի տասնյակը դիմեն դատարան` պահանջելով իրենց որպես հայցվոր ներգրավել դատական գործընթացքում»,- ասել է Սերոբյանը:
Ի դեպ, հետաքննությունը պարզել է, որ Ռազմածովային ուժերի շտաբում մշակված «Քաֆես» ծրագիրը բաղկացած է եղել մի քանի փուլերից, որոնցից մեկն էլ հենց Դինքի սպանությունն էր։ «Եթե գոյություն է ունեցել այսպես կոչված երրորդ փուլ, ուրեմն եղել են նաեւ դրան նախորդող երկու փուլեր եւս», - լրագրողների հետ զրույցում նշել է Չեթինը` հավելելով. «Կարծում եմ, որ Դինքի սպանությանը նախորդող փուլերի հետաքննությունը այս հանցագործության նոր մանրամասներ կարող է ի հայտ բերել»:

























