Հայաստանի ԱԳՆ-ն պետք է լուրջ կադրային փոփոխությունների ենթարկվի՝ հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպիպման ժամանակ նման առաջարկ է արել Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, թե փոփոխություններ պետք է տեղի ունենան նաեւ արտերկրում Հայաստանի դեսպանատներում։

«Այդ տեսակետը մենք հայտնել ենք դեռ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ժամանակ»,-նկատեց ՀՅԴ-ական գործիչը՝ ընդգծելով. «Փաստորեն, 1998 թվականի մասնակի իշխանափոխությունը, որ միայն նախագահը փոխվեց, շատ ուրիշ ասպարեզների շատ քիչ է կպել ու անդրադարձել։ Արտաքին գործերի նախարարությունն այն ասպարեզն է, որտեղ ընդհանրապես չի անդրադարձել։ Բացարձակապես։ Այսինքն, ինչպես կար ՀՀՇ-ի ժամանակ, նույն ձեւով էլ մնացել է մինչեւ այսօր։ Եւ դա էր, որ մենք պահանջում էինք փոխել»: Այդ փոփոխությունը, ըստ պատգամավորի, կարող է որոշ դեպքերում վերաբերել դեսպաններին, որոշ դեպքերում՝ աշխատակազմերին կամ այլ պաշտոնյաների։ «Բանական է, որ մենք բոլորին նույն գնահատականը տալ չենք կարող, կան նաեւ հաջող դեսպաններ, բայց քիչ»,-նկատեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը։