Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացքին։ Քննարկվել են ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։
Համագործակցության զարգացման տեսանկյունից կարեւորվել է համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում։




























