«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները թվային հեռարձակման ոլորտում բազմակարծություն չեն ապահովում, կարծում է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։
Նրա խոսքով, անալոգային համակարգից թվային հեռարձակման սահուն անցնելու մի շարք առաջարկներ ընդունվել են։ Փաստաթղթի թերություններից մեկը նա համարել է թվային հեռուստաալիքների քանակը սահմանափակող դրույթը։ Օրենքում առկա թերությունները, նրա խոսքով, խոչընդոտում են թվային մասնավոր հեռուստաալիքների բացմանը։ «Նոր տեխնոլոգիաները Հայաստանի իշխանությունների կողմից պետք է օգտագործվեն ԶԼՄ-ների բազմակարծությունն ամրապնդելու համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է այս հարցում աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին։
Նշենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որ ենթադրում է անալոգայինից թվային հեռարձակման անցնել 2015 թվականից, ընդունվել է ընթացիկ տարվա հունիսի 10-ին։




























